Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը, օր առաջ այդ վտանգը պետք է կանխարգելել. Ժիրայր Սեֆիլյան

Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել 2020 թվականին ձևավորվելիք արցախյան իշխանություններին. այս մասին «Սասնա Ծռեր» կուսակցության ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցին`արդյոք արցախցիները, որոնք դե յուրե ստացել են անկախություն, համաձայն կլինե՞ն, որ Արցախը որպես մարզ ներառվի ՀՀ կազմում, Սեֆիլյանը պատասխանեց, որ վստահ է` արցախցիների բացարձակ մեծամասնության սրտով է իրենց այս նախաձեռնությունը:

«Այս հարցում պետք է աճապարել: Բոլորս նկատում ենք վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, տեսնում ենք`ինչպիսի վտանգ է կախված մեր երկրի, հատկապես Արցախի վրա: Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը, օր առաջ այդ վտանգը պետք է կանխարգելենք: Մենք հուսով ենք, որ այս գործընթացին օժանդակելու են նաև երևանյան գործող իշխանությունները»,-ասաց Սեֆիլյանը:

Ճշտող հարցին`նշում են, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին պետք է իրավունք վերապահվի մասնակցել ՀՀ համապետական ընտրություններին, արդյոք նկատի ունեն ՀՀ քաղաքացիների՞ն, որոնք բնակվում են Արցախում, Սեֆիլյանը պատասխանեց. «Արցախի քաղաքացիություն հասկացություն գոյություն չունի, արցախահայության ձեռքերում ՀՀ անձնագիր է, պարզապես արցախյան հաշվառմամբ: Այս ստորագրահավաքին մասնակցողներն արցախյան հաշվառում ունեցող քաղաքացիներն են, որոնք զրկված են եղել տարիներ շարունակ ՀՀ ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ «Սասնա Ծռեր»-ն Արցախում ստորագրահավաք է սկսում, որով արցախցիները հնարավորություն կստանան մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/18/Sefilyan/2950831