Այո, ցածր են աշխատավարձերը, բայց կա պետությանը օգնելու միսիոներական բաղադրիչ, մարդը հպարտություն պետք է զգա Հայաստանի համար աշխատելիս. Հակոբ Արշակյան

Թիմը շատ կարևոր է. ինտենսիվ աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմի ձևավորման շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերության նախարարության կառուցվածքի մասին:

Հարցին՝ ինչպե՞ս եք պրոֆեսիոնալ կադրերին բերելու նախարարություն, երբ մասնավորում ավելի բարձր աշխատավարձեր կան, նախարարը պատասխանեց. «Երկու առաջնահերթություն կա: Մեկը պետությանը օգնած լինելու բաղադրիչն է, միսիոներական բաղադրիչն է, որը շատ կարևոր է: Այո, հիմա ցածր են աշխատավարձերը: Մենք դրա վրա աշխատում ենք, բարձրացնելու ենք աշխատավարձերը: Սկսնակների համար աշխատավարձերը բարձր են, բայց ղեկավարների համար՝ ցածր:

Երկու շաբաթ առաջ աշխատանքի մասին հայտարարություն էի տարածել և 2000-ից ավել ռեզյումեներ ստացանք. շատ լուրջ մարդիկ են դիմել: Նույնիսկ նստում ենք, իրար ենք նայում, թե ինչի է այս մարդը դիմել: Դիմել է, որովհետև հպարտություն է զգում Հայաստանի համար աշխատելիս, միսիա է տեսնում իր աշխատանքի մեջ: Դա նորություն չէ, ԱՄՆ-ում մարդիկ պրոֆեսիոնալ կարիերան ընդհատում են, գնում են մի քանի անգամ ցածր աշխատավարձով պետության համար են աշխատում»:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ իրենք ճիշտ սանդղակավորելու են աշխատավարձերը, քննարկում են աշխատավարձերի բարձրացման հարցը, շուկային «համահունչ թվեր» են լինելու:

Խոսելով «Յութուբը» հարկելու վերջերս իր կողմից արված հայտարարության մասին՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ «Հայաստանում Հարկային օրենսգիրքը միկրոբիզնեսը չի հարկում, դրանից ավել հարկում է»:

«Սա համակարգային հարց է, ինչո՞ւ է հասարակությունը վախենում հարկ վճարելուց: Սա հարկեր վճարելու ու հարկեր գանձելու նախկին սխալ տրամաբանությունից է բխում: Մարդը պետք է հպարտություն զգա, որ հարկ է վճարում: Երբ ես իմ ընկերությունը գրանցեցի, առաջին հարկը վճարելուց ես տոնում էի, տոնում էի, որ հարկ եմ վճարել պետությանը: Հպարտություն պետք է լինի, որ կարողանում ես գումար աշխատել, աշխատանքով ապահովել մյուսներին ու հարկ վճարել»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում