Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, եւ մենք չպետք է առեւտրային գործընթացները դիտարկենք կամ կապակցենք սոցիալական ապահովման հետ։ Այս մասին այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ DoubleTree by Hilton հյուրանոցում կազմակերպված գործարար համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մասնավորապես նշեց, որ եթե մենք փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առեւտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք սոցիալական խնդիր ենք լուծում, դա կնշանակի, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով․

«Ինչի մասին է ի վերջո սպառողների իրավունքը․ ես դա պատկերացնում եմ այսպես․ երբ քաղաքացին բենզալցակայանում տեսնում է, որ չափիչ սարքի վրա գրել է 15 լ բենզին, իրականում գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ համապատասխանի հայատարարված ստանդարտին: Քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ մեր երեխաների համար խանութից գնված խաղալիքը չի վնասի մեր երեխաների առողջությունը, իր գնած կաթնամթերքն իսկապես կաթնամթերք է»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ առաջիկայում մեր մեծագույն խնդիրը ստանդարտների բարձրացումը կամ համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր չափանիշներին․

«Այս առումով կարեւորում եմ մեր համագործակցությունը Եվրամիության հետ, մասնավորապես՝ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում»։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ սպառողների իրավունքների պահպանմանը միտված աշխատանքով մենք մեր երկրի ստանդարտները բարձրացնում ենք տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի եւ բոլոր հնարավոր առումներով․

«Այնպես որ՝ այս թեման մեզ համար համապարփակ թեմա է՝ կապված նաեւ մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,-եզրափակեց վարչապետը։

Աղբյուրը՝ armtimes.com