Նախարարությունների կրճատումն անհիմն է, հանրահավաքային հայտարարությունների մակարդակը պրոֆեսիոնալ չէ. Արծվիկ Մինասյան

Կառավարության երեկվա նիստը, որտեղ ներկայացվեց գործադիր մարմնի կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, անորակ էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ հնչեցին վիճահարույց պնդումներ, որոնք ցույց էին տալիս, որ կառավարությունը չի տիրապետում, թե ինչ փոփոխություններ է կատարում: «Վարչապետը, նախարարները պնդում էին, որ հասարակության կողմից ընկալելի է այս փոփոխությունը, այնինչ նույն e-draft-ում 92 տոկոսը դեմ էր քվեարկել նախագծին, սուր քննադատություններ կան:

Ավելին, այս փոփոխությունների տրամաբանությունը չի երևում, տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվել ֆիզիկական թվաքանակի կրճատում անել առանց բովանդակության մեջ խորանալու»,- նշեց Մինասյանը:

ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ կառավարության նիստում հնչել է մոտեցում, թե «եկեք փոխենք կառուցվածքը, հետո կորոշենք՝ ում ինչ գործառույթ տալ», ինչը, ըստ Մինասյանի, «հանրահավաքային հայտարարությունների մակարդակում է», պրոֆեսիոնալ չէ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը երկու նախարարություն է ղեկավարել, իրենց չեն բավարարել անհրաժեշտ քանակի աշխատողներ, որպեսզի նախարարությունն անհրաժեշտ ծավալով իրականացնի իր գործառույթները:

Նա ասաց, որ գործադիրի ներկայացրած չափանիշներով կրճատվելու է շուրջ 310 աշխատակից, ինչի արդյունքում իր հաշվարկներով խնայվելու է տարեկան 1 միլիարդ դրամ, «ինչը լուրջ էֆեկտի չի բերելու», այս գումարով հնարավոր է լինելու տարեկան 180 դրամով բարձրացնել յուրաքանչյուրի թոշակը:

Մինասյանն ասաց, որ անփույթ մոտեցումը բերելու է ձախողման, «ուղակի կրճատել»-ը ճիշտ մոտեցում չէ: «Ասում են, որ կառավարությունը նրա համար է, որ չխառնվի որևէ մեկի գործերին:

Այդ դեպքում մի՛ ստեղծեք կառավարություն: Դրանից ավելի լավ չխառնվելու տարբերակ կա՞»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գործազուրկների թիվն ավելի շատ է, քան՝ հանրային ծառայողների թիվը, ուստի իշխանության քայլը մեծամասնությանը հաճոյանալու փորձ է:

Խոսելով տնտեսության մասին՝ նա ասաց, որ ամեն ինչ վերագրել անցյալին աբսուրդ է: «Եթե ամեն ինչ լավ լիներ, ժողովրդական շարժումը չէր լինի: Եթե համեմատվում ենք անցյալի հետ, լավ կողմերի հետ էլ պետք է փորձենք համեմատվել, էդ ինչի՞ չեք համեմատվում լավ կողմերի հետ: Հսկայական ներդրումներ են եղել, ինչի՞ այդ ոլորտների հետ չենք համեմատվում: Ասում ենք՝ ամեն ինչ վատ էր, դրա ֆոնին թեթև քայլ էլ անենք, լա՞վ է: Դա ճիշտ բան չէ»,- հավելեց ՀՅԴ ԳՄ անդամը: