«Այդ ժողովուրդն իմ ժողովուրդը չէ». Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գնալ Ֆրանսիայի հրապարակ և միանալ հավաքվածներին

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը որևէ աղերս չունենար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեծ ուշադրությամբ չէր անդրադառնա այդ ամենին և հանդես չէր գա ուղերձով, հետևաբար՝ այդ ուղերձն արդեն ընդգծում է Տեր-Պետրոսյան-Փաշինյան կապը։

Հիշեցնենք, որ օրերս Առաջին նախագահը հանդես էր եկել ծավալուն հոդվածով, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և ինքն էլ նրա կնքահայրը չէ, ինչպես շատերը խոսում են։

«Ցավում եմ, որ լուրջ գործով զբաղվելու փոխարեն, ուղղակի կրկին փորձում են մեզ շեղել մեր իրական խնդիրներից և այն մարտահրավերներից, որոնք ծառացած են մեր առջև։ Եթե խոսում ենք «Մարտի 1»-ից և ասում ենք, որ այն բացահայտված է, ապա այս խաբեության ներքո պետք է անդրադարձ կատարենք նաև Մարտի 1-ի պատասխանատուներին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին»,- ասաց Զ. Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունը հենց այնպես տեղի չի ունեցել, նախապես ծրագրված է եղել, որ պետք է հենց այդ օրը զոհեր լինեն։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2008 թվականի  հունվարի 22-ին Լ. Տեր-Պետրոսյանը բազմամարդ հավաքի ժամանակ հանդես է եկել հանտարարությամբ, որի ժամանակ ընթերցել է Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն ու ծրագիրը ոչ թե նախագահական ընտրություններում հաղթելն էր, այլ նրա ծրագիրը տարբերվել է այն ամենից, ինչի մասին հայտարարվել էր։ Փետրվարի 26-ին հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն, սակայն այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին ուղարկեց տուն։ Նրա ցանկությունն այլ տիրույթում էր, որի ականատեսը եղանք մարտի 1-ին, երբ ցերեկը մենք մի քանի հոգով գնացինք Տեր-Պետրոսյանի բնակատեղի։

Նրա հետ զրուցեցինք, տեղեկացրեցինք, որ ժողովուրդն իրեն սպասում է Ֆրանսիայի հրապարակում, և իր ներկայությունը կարևոր է, քանի որ հակառակ դեպքում կարող են լինել բախումներ։ Նրան խնդրեցինք մեզ հետ դուրս գալ և խոստացանք ապահովել իր անվտանգությունը։ Սակայն նա մեզ հետևյալ կերպ պատասխանեց, որ հավաքն ինքնաբուխ է, իրենց շտաբը չի գործում, և իր տանից դուրս գալու մասին որոշում չի կայացրել, ավելին՝ ասաց նաև, որ հավաքվածներն էլ իր ժողովուրդը չեն» ,- նշեց նա։

Ըստ Զ. Փոստանջյանի, Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելուց հետո մարտի 1-ին գնացել են Ֆրանսիայի հրապարակ և «ըստ ծրագրվածի, առաջին զոհը պետք է լիներ ինչ-որ ոստիկան, և այն ոստիկանին, որին ցանկացել են սպանել, պաշտպանել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը»։

Աղբյուրը՝ 168.am