Բենզինի շուկայում որեւէ մեկին որեւէ բան չի պարտադրվում, ազատ շուկա է. նախարար

Բենզինի շուկայում որեւէ մեկին որեւէ բան չի պարտադրվում, ազատ շուկա է, գները բարձրանում ու իջնում են շուկայական գործոնների ազդեցությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով բենզինի գների մասին:

«Բաց շուկա է, եթե միջազգային գները բարձրանան, ներքին շուկայում էլ կբարձրանան, եթե իջնեն, պետք է ներքին շուկայում էլ իջնեն»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան բենզինի գնի մասով, նախարարն ասաց, որ որեւէ մեկը չի կարող ասել դա. «Եթե ինչ-որ մեկն իմանար այդ մասին, կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը: Կգնար կգներ որքան հնարավոր է շատ քանակությամբ բենզին, կսպասեր՝ այն կտրուկ թանկանա եւ կվաճառեր»:

Խաչատրյանը նշեց, որ բոլոր գործարարներն էլ ռիսկի են գնում, եթե գինը բարձրանա, կշահեն, եթե իջնի, կտուժեն. «Ամենակարեւորն այն է, որ գինը որոշի շուկան, իսկ գները շուկայական են: Բայց մենք կունենանք դրական զարգացումներ, վստահ եմ: Որքան շատ թվով խաղացողներ հայտնվեն շուկայում, մրցակցությունն այդքան կմեծանա ու շուկան ավելի զգայուն կլինի միջազգային շուկայի նկատմամբ: Այսինքն, սպասեք, որ շուկայում տատանողականությունը կավելանա, որովհետեւ, եթե շուկան բացարձակ մրցակցային է, միջազգային շուկայում ցանկացած փոփոխություն գների վրա պետք է ազդի»:

Խաչատրյանը կարծում է, որ բենզինի շուկայում նոր խաղացողներ կհայտնվեն, քննարկումներ ընթանում են. «Որքանով ինձ հայտնի է՝ դրսի ներդրողներին են վերաբերում քննարկումները»:

Աղբյուրը՝ armtimes.com