Թիկնապահի ու անձրևանոցի շուրջ աղմուկը. ի՞նչ էր թելադրում էթիկետը Արարատ Միրզոյանի տիկնոջը

Սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են բուռն քննադատել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի կնոջ` Գոհար Աբաջյանի հագուստն ու կեցվածքը։

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի արցախյան այցն աննկատ կմնար, ինչպես հարյուրավոր այլ պրոտոկոլային այցեր, եթե չլիներ անձրևոտ եղանակն ու անվտանգության աշխատակիցների գեղեցիկ արարքը։

Համացանցում լուսանկար է հայտնվել, որում անվտանգության աշխատակիցներից մեկը անձրևանոց է պահում ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի կնոջ` Գոհար Աբաջյանի գլխավերևում։ Այս լուսանկարը համացանցի օգտատերերի վիճաբանությունների ու թրոլինգի թեմա է դարձել։

ՀՀ ԱԺ նախագահի տիկին Գոհար Աբաջյանը հարգանքի տուրք է մատուցում Ստեփանակերտի հուշահամալիրում. 9 փետրվարի 2019 թ.

Որոշ լրատվամիջոցներ, օգտատերեր ու տելեգրամ ալիքներ դժգոհություն սկսեցին  հայտնել, նշելով, որ նույնիսկ Եղիսաբեթ II–ը անհրաժեշտության դեպքում ինքն է անձրևանոց պահում։

Էթիկետի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը, մեկնաբանելով «արցախյան անձրևանոցի» հետ կապված իրավիճակը, իր հերթին ընդգծել է, որ մասնագիտական տեսակետից ոչ մի խախտում չի եղել։

«Անձը կարող է անձրևանոցն ինքը բռնել, եթե նա որևէ արարողակարգի ընթացքում ձեռքերն օգտագործելու (օրինակ՝ ձեռքսեղմման, ծաղիկ դնելու կամ հուշակոթողի առջև խոնարհվելու) կարիք չի ունենալու»,  – գրել է Խաչատրյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանը մանրամասնեց նաև, որ առհասարակ, ըստ էթիկետի, հուշակոթողին մոտենալիս և հարգանքի տուրք մատուցելիս ձեռքում պետք է լինի միմիայն ծաղկեփունջ, կամ այլ առարկա որ թողնվելու է հուշակոթողի մոտ, այս դեպքում ըստ արարողակարգի նորից արգելված է անձրևանոցի բռնելը։ Տղամարդիկ պետք է լինեն գլխաբաց, իսկ կանայք կարող են լինել նաև գլխարկով, կանանց ձեռքում հնարավոր է շրջազգեստի անբաժանելի մաս կազմող մեկ ատրիբուտ, օրինակ՝ կանանցի պայուսակ։ Իսկ մեկից ավելի իր պահելը ձեռքում անթույլատրելի է:

Ըստ նրա՝ անձրևանոցը նաև պաշտոնական արարողակարգի պարտադիր մասերից է. եթե օրինակ եղանակը անձրևային է, ապա հատուկ մարդիկ են լինում, որպեսզի տվյալ պաշտոնյայի անձրևանոցը պահեն՝ կապ չունի կին է նա, թե տղամարդ։

Խաչատրյանը հատուկ շեշտեց, որ Արարատ Միրզոյանի կինը չի խախտել ոչ մի կանոն, դա արարողակարգի պատասխանատուների որոշումն է, և այդ քայլը ընդունված է միջազգային էթիկայի կանոնակարգում։

«Ցավով նշեմ, այստեղ սխալը միայն մեր սիրելի լրագրողների չիմացությունն է, ավելի ճիշտ վստահ եմ, որ գիտեն, բայց դե իրենց նյութերը պետք գրավիչ դարձնեն», – ամփոփել է նա Facebook-ում իր գրառումը։

Ինքը` Աբաջյանը չանտեսեց այս թեմայով սոցցանցերում ծավալված քննարկումը և Facebook-ի իր էջում գրառում արեց, որում տեղեկացրեց, որ անվտանգության աշխատակցին շնորհակալություն է հայտնել «անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար»: Միրզոյանի կինը նշել է. «Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող»՝ ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով։ Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով»:

Աբաջյանն անդրադարձել է նաև պայուսակի արժեքին։ Նշենք, որ այդ առիթով ևս տարբեր ասեկոսեներ ու ենթադրություններ էին շրջանառվում։

«Մեկ շաբաթ Facebook չէի մտել, մտա Facebook` պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այս կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար: Ահա պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250», – հայտնել է Աբաջյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am