Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին հայտնաբերեցին. կասկածյալը կին է

Արաբկիրի ոստիկանները բազմակողմանի օպերատիվ աշխատանքների շնորհիվ գտել են աղմկահարույց գողության հեղինակին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Կասկածյալը կին է, նա աշխատում է Բաղրամյան 26-ում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության շահերից ելնելով` այս պահին նրա տվյալները չեն հրապարակվում։

Ըստ կայքի` Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների:

Հիշեցնենք, որ գողության դեպքը գրանցվել էր հունվարի 30-ին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետն ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշադրամ:

Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը:

Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները, հերթական անգամ մեկնելով Բաղրամյան 26 հասցե, 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուղափեղկի վրա հայտնաբերել էին գողացված հուշադրամները:

Աղբյուրը՝ armeniasputnik.am