Ում գրպանում է անհետանում 23,5 մլն դոլարը

Վրացական մամուլը գրում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR վրացական դուստր ձեռնարկությունը (SOCAR Georgia Gas) որոշել է մարտի 1-ից 10,5 տոկոսով բարձրացնել այդ երկրի կոմերցիոն ձեռնարկություններին վաճառվող գազի գինը՝ սահմանելով մեկ խորանարդի համար 0,95 լարի, մոտ 0,36 դոլար, կամ 175 դրամ: Ադրբեջանական ընկերությունը նման որոշումը բացատրում է վրացական լարիի փոխարժեքի փոփոխությամբ և բաշխման համակարգում սակագների բարձրացմամբ: Բայց վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մեջ մեզ հետաքրքրում է բոլորովին այլ փաստ: Պարզվում է՝ ադրբեջանական ընկերության կորուստները գազաբաշխման համակարգում կազմում են 3 տոկոս: Հայաստանում, անցյալ տարվա տվյալներով, այդ թիվը կրկնակիից ավելի բարձր է՝ 6,3 տոկոս: Այս թիվը հրապարակվել է գազի սակագինը ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ, և որևէ մեկի, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից չի հերքվել: Հայաստանի բնակչությանը և կոմերցիոն ձեռնարկություններին վաճառվող գազի գնի և սահմանում գազի գնի տարբերությունը բացատրվում էր նաև այն հիմնավորմամբ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այդ գումարի մի զգալի մասը ներդնում է գազաբաշխման համակարգի արդիականացման վրա, և դա ուղղված պետք է լիներ առաջին հերթին կորուստների նվազեցմանը: Հասկանալու համար, թե ինչու է ադրբեջանական ընկերությանը հաջողվել 10 տարվա ընթացքում գազի կորուստները նվազեցնել 10 անգամ և հասցնել 3 տոկոսի, իսկ Հայաստանում այդ կորուստները հնարավոր չի լինում պակասեցնել, անենք ընդամենը թվաբանական մի պարզ հաշվարկ:

Հայաստանը տարեկան Ռուսաստանից ներմուծում է 2,4-2,5 մլրդ խորանարդ մետր գազ: Եթե համակարգում գազի կորուստը լիներ 3 տոկոս, ապա այն կկազմեր 75 մլն խմ, իսկ 6,3 տոկոսի դեպքում այն կազմում է 157 մլն խմ, տարբերությունը կազմում է 82 մլն խմ՝ մոտավորապես 23,5 մլն դոլար: Ստացվում է, որ Հայաստանի բաշխման համակարգում տարեկան 23,5 մլն դոլար ավելի է կորում, քան Վրաստանի գազամատակարարման համակարգում: Սա այն դեպքում, երբ Վրաստանի տարածքը անհամեմատ ավելի մեծ է Հայաստանից, և բնական է, որ ավելի մեծ տարածքում գազաբաշխման համակարգի կորուստներն էլ ավելի մեծ պետք է լինեն, իսկ սպառման ծավալը նույնական է: Մենք իհարկե վստահ ենք, որ այդ գումարը անհետանում է ոչ թե գազամատակարարման համակարգում, այլ մտնում է շատ կոնկրետ մարդկանց գրպանը, և դրա համար վճարում է Հայաստանի ամբողջ տնտեսությունը և բնակչությունը: Իսկ Հայաստանի իշխանությունները և «Գազպրոմը» փորձում են ցույց տալ, թե իրենք իբրև թե գերմարդկային ճիգեր են գործադրում գազի սակագինը չթանկացնելու համար, և չթանկացնելը ներկայացնում որպես իշխանության խոշոր ձեռքբերում: Մինչդեռ իրականությունն այն է, որ միայն գազի անտրամաբանական կորուստների վրա տարեկան առնվազն 23,5 մլն դոլար են աշխատում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, քանի որ գազի կորուստների նվազման մասին մինչև օրս որևէ մեկը չի հայտարարել:

Աղբյուրը՝ 1in.am