Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքները. Արմեն Գևորգյանը չի կալանավորվելու

Երևանի վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

«Մի քիչ անսովոր կարգավիճակում եմ հայտնվել, անընդատ դատարանի որոշումները ես պետք է հրապարակեմ։ Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի կայացրած որոշումը և մերժեց երկու կողմերի բերված վերաքննիչ բողոքները, այդ թվում՝ իմ կողմից ներկայացրած բողոքը։ Ես երբևէ սովորություն չեմ ունեցել իմ կողմից գնահատականներ տալ դատարանի որոշումներին։ Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, պատճառաբանական հատվածն այս պահին մեզ մոտ չէ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանը։

Հարցին՝ մարտի 1-ին ՀՀ բանակը ներգրվվա՞ծ է եղել ներքաղաքական գործընթացների մեջ, Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ սա պատկան մարմինների գործառույթն է և այն տեղեկությունները, որոնք ունի, իրավունք չունի հրապարակելու, քանի որ ներգրավված է մարտի 1-ի դատական գործին։

«Ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, մեկ է՝ չեմ պատասխանելու, քանի որ շատ պարտաճանաչ քաղաքացի եմ և պահպանում եմ գաղտնիքը։ Այս պահին դեռ չգիտեմ, թե որոնք են լինելու իմ քննչական խմբի հետագա գործողությունները»,- ասաց Ա. Գևորգյանը։

Նշենք, որ Արմեն Գևորգյանին առաջադրվել է չորս մեղադրանք՝ սահմանադրական կարգի տապալում, խոշոր չափի կաշառքի ստացում, արդարադատության իրականացմանը խոչընդոտում և փողերի լվացում, որոնիցի որևէ մեկը նա չի ընդունել։

Աղբյուրը՝ 168.am