ՀՀ վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 29-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանը:
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի»,- ասաց Գևորգյանը:
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:
Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
Աղբյուրը՝ 1in.am