Դեռ երկու օր առաջ «Հրապարակ»-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է վաղուց. նրա դեպքում գրեթե բոլորը վիճահարույց էին համարում նշանակման փաստը՝ պրոֆեսիոնալ որակների բացակայության, շահերի բախում ունենալու պատճառով։ Հիմա էլ՝ պարգևավճարների թեման։
Ջրային կոմիտեից հայտնել են, որ պարգևատրումներ եղել են, սակայն որևէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդել է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։ Ջրային կոմիտեում պարգևատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները։ «Տարվա ընթացքում երեք անգամ պետական հիմնարկներն իրավունք ունեն 1 դրույքի չափով խրախուսել աշխատողներին։ Ջրային կոմիտեում դա արել են մեկ անգամ՝ տարեվերջին, մեկուկես դրույքի չափով, այսինքն՝ 150 տոկոսով»,- ասված է կոմիտեի պատասխանում։
Ստանդարտ պատասխան, որը բնորոշ է բոլոր պետական մարմիններին, որոնք տարեվերջին առատաձեռն են եղել իրենց աշխատողների հանդեպ։ Մի քանի անգամ գրեցինք, որ այստեղ խնդիրը քննարկելի է առավելապես ոչ թե իրավական, այլ բարոյական, քաղաքական հարթության վրա, որովհետև պարգևավճարների այն համակարգը, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում ու գործել է նախկինում, չի կարող հարիր լինել հետհեղափոխական Հայաստանին։ Սակայն մեր պնդումներն իզուր են, ու տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե պետական համակարգն է ադապտացվում նոր Հայաստանին, այլ վերջինիս կադրերն են հեշտությամբ ինտեգրվում հին համակարգին ու նրա տրամաբանությանը։
Ինչևէ, Ինեսա Գաբայանի պարագայում գործ ունենք մեկ այլ երևույթի հետ, որը խորքային հարթության վրա շատ ավելի տհաճ է ու մեր իրականությունն ավելի է մոտեցնում նախահեղափոխական Հայաստանին։ «Հրապարակ»-ն ու 168.am-ը հայտնում են, որ 500000 դրամով ինքնապարգևատրված Ինեսա Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին։
«Իմ քայլը» հիմնադրամը ղեկավարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ու եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա տեղի ունեցածն անընդունելի է առնվազն մի քանի տեսանկյունից։
Եթե Ինեսա Գաբայանը սոցիալապես այնքան ապահով վիճակում էր, որ պարգևավճարի անհրաժեշտություն չուներ, ապա կարող էր հրաժարվել դրանից, ու ի վերջո՝ այդ քայլը շատ ավելի բարոյական ու սոլիդ կհամարվեր։ Առնվազն տարակուսելի է, որ պաշտոնյան ստանում է պարգևավճար ու դա փոխանցում է հիմնադրամի, որի ղեկավարը վարչապետի կինն է։ Սա կարող է հիմնավոր կասկածներ ծնել, որ հիմնադրամի ֆինանսավորումն ապահովվում է պետական ռեսուրսների հաշվին, ինչը, մեղմ ասած, որևէ փաստարկով հնարավոր չէ արդարացնել։
Մյուս կողմից՝ կարող են սպեկուլյատիվ խոսակցություններ շրջանառվել, թե իբրև վարչապետի կինը հովանավորում է իշխանության տարբեր օղակներում հայտնված մարդկանց։ Մենք անկեղծորեն չենք հավատում նման խոսակցություններին, սակայն կարծում ենք, որ շահարկումների ճանապարհը փակելու համար նոր իշխանությունը պետք է ազատվի մարդկանցից, որոնք հին մտածողության կրողներ են։
Աղբյուրը՝ 1in.am