Բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործի առնչությամբ որևէ տեղեկություններ Աղաջանովի հարազատները որևէ կերպ չեն կարողանում ստանալ: Այսօր հրավիրված ասուլիսին սպանվածի ավագ քույրը՝ Ելենա Աղաջանովան, նշեց, որ չնայած իրենց դիմում-բողոքներին՝ պաշտոնական պատասխան ՀՀ վարչապետից չեն ստացել, իսկ Արդարադատության նախարարությունն իրենց նամակին տվել է ոչինչ չասող տեղեկություն:
Ելենա Աղաջանովան հիշեցրեց, որ օրեր առաջ իրենք իրենց աջակիցների, ընկերների, հարազատների հետ կառավարության շենքի մոտ հավաք էին կազմակերպել, նպատակն այն էր, որ կառավարությունը լսեր այն մարդկանց ձայնը, որոնք դեմ են մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն: Նա ասաց, որ հանձնել են նամակը՝ վարչապետին հանդիպելու խնդրանքով, որ իրենց լսի, նաև հանձնել են բժիշկների էլեկտրոնային ստորագրությունների երկու փաթեթ:
«Մինչ այսօր կառավարությունից չունենք ոչ մի արձագանք՝ ո´չ ներման գործընթացի, ո´չ էլ հանդիպման մասին»,-ասաց նա:
Արդարադատության նախարարությունից, ըստ նրա, հղում են արել օրենքներին՝ անձնական պաշտպանության, նաև ներման, և նշել, որ համաձայն այդ օրենքների՝ չեն կարող տրամադրել ինֆորմացիա:
«Մարդասպանին գովազդում են, հերոսացնում, ամեն կերպ փորձում են հանրությանը հասցնել այն ինֆորմացիան, որ նա անմեղ է, մինչդեռ կա դատարանի որոշումը, որը միակն է»,-ասաց Ելենա Աղաջանովան և նշեց, որ միաժամանակ իրենց ընտանիքի մասին տարբեր կեղծ տեղեկություններ են տարածում. «Տարածում են, թե նարկոբիզնեսի հետ ենք կապված, մեր փողերով ու ծանոթություններով 20 տարի անմեղ մարդուն բանտում պահել են, լուրջ ազդեցություն ունենք երեք նախագահների վրա՝ օգտագործելով հրեական ծագումը և այլն»:
Նման կեղծ լուրերի համար, ըստ նրա, իրենք պատրաստվում են դատական հայց ներկայացնել Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի դեմ՝ պատիվ պահանջելով:
Միաժամանակ սպանվածի քույրը տեսակետ հայտնեց, որ Զարուհի Մեջլումյանը ևս Մհեր Ենոքյանի զոհն է, ով ընկել է նրա խորամանկ ծրագրերի թակարդը:
Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը` Միխայիլ Աղաջանովը, ասաց, որ իրեն զայրացնում են այն դիտարկումները, որ դատական պրոցեսը կարող է սխալ եղած լինել: «Դրանք այն հարցերն են, որոնք խոսելու նյութ չեն կարող դառնալ, եղել է դատական պրոցես, մասնակցել ենք նիստերին, և դա այնքան ակնհայտ էր, որ չենք կասկածում՝ ով է եղել գլխավոր կասկածյալը, դա եղել է Մհեր Ենոքյանը: Ես երկուսի համար էլ պահանջել եմ մահապատիժ, ինչպես դատարանը որոշեց, այլ բան է, որ ասացին, թե պետք է տարբերություն լինի կազմակերպչի և կատարողի միջև»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ բարձրացնում են հարցեր, որ արդարացնեն Ենոքյանին: «Ինձ զարմացնում է, թե հասարակությունն ինչպես է թույլ տալիս նման զարգացումները, երևի չիմանալով կամ միակողմանի ինֆորմացիա ունենալով, կա մի զանգված, որ արդարացնում է մարդասպանին: Եթե Մհեր Ենոքյանը ներում ստանա, հասարակության առողջ մասը, որը զգալի մասն է, բացասական վերաբերմունք կունենա իրավական համակարգի նկատմամբ. դա դատարկություն կառաջացնի մեր հասարակության մեջ: Հուսով եմ՝ հանրությունը հիմնավորված որոշում կստանա, և դա դաս կլինի, հրեշը պետք է մեկուսացված լինի հասարակությունից»,-ասաց նա:
Բացի այդ, նա բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե մարդասպանը ազատություն կարող է ստանալ այսքան տարի հետո, առաջարկում է մի պահ պատկերացնել, որ ցավն իրենցն է և նոր միայն նման կարծիք հայտնեն:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ երկար տարիներ եղել է միակողմանի տեղեկատվություն, որը որոշակի ազդեցություն է ունեցել լսարանի վրա և ներքին համոզմունք է ձևավորվել, որ գուցե Ենոքյանն անմեղ է:
Մյուս դիտարկումն այն էր, որ ներում շնորհելու մասին տեղեկատվություն չտրամադրելն անընդունելի է իրավաբանական տեսակետից:
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ տուժողի շահերը պետք է հավասարակշռվեն, և իրենք նման որոշման դեպքում ՄԻԵԴ կդիմեն, նախ տուժողների կարծիքը հաշվի չառնելու, նաև հանրային սխալ կարծիք ձևավորելու համար:
Ինչ վերաբերում է գործը վերաբացելու հնարավորությանը, սպանվածի հայր Միխայիլ Աղաջանովը նշեց, որ իրենք որևէ կասկած չունեն արդար դատավարության մասով: «Բայց եթե համապատասխան մարմինները գտնեն, որ պետք է գործը վերաբացեն, դա մեր որոշումը չէ, թող վերաբացեն»,-ասաց նա:
Մինչդեռ Ելենա Աղաջանովան նշեց, որ իրենք այստեղ չեն գործի վերաբացման մասին խոսելու: Նման պնդումները ևս նա մանիպուլյացիա որակեց:
«Մենք վերաբացման մասին չենք խոսում, Մհեր Ենոքյանն իր արածի համար չի զղջացել ու չի զղջալու, և մենք չենք ներել ու չենք ներում և չենք ներելու նրան»,-ասաց նա:
Աղբյուրը՝ tert.am