Երեւանի Օպերային թատրոնի հարակից տարածքը սրճարաններից ազատելու եւ կանաչապատելու մասին քաղաքապետարանի հայտարարությունը հանրության շրջանում ստացավ բավականին դրական արձագանք: Նույն ոգեւորությունը, սակայն, չունեն այնտեղ աշխատողները:
Նրանց աչքի առաջ գործազրկության վտանգն է՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով: Առկա է նաեւ հոգեբանական գործոնը, երբ տարիներ շարունակ միեւնույն վայրում աշխատած, արդեն սեփական տան ու հարազատության զգացողություն ունեցող, մշտական հաճախորդներ ձեռք բերած մարդուն մի օր էլ ասում են, որ իր կյանքը պետք է փոխվի 180 աստիճանով: Քանդման ենթակա սրճարաններում աշխատող մարդկանցից երեկ այսպիսի կարծիքներ լսեցինք. «Սրանից չպետք էր սկսել: Հիմա այսքան մարդ գործազուրկ է դառնալու: Այլ տարածքներ կան, որ կարելի էր նախ դրանք կանաչապատել, օրինակ հենց մոտակա Սարյանի պուրակը», «Բոլորը բանկերից կախված են: Էդպես չեն վարվում: Թող աշխատատեղ լինի, ոչ ոք դեմ չէ Օպերայի բակի գեղեցկությանը: Նախարարությունները փակում են, էս փակում են, էն փակում են», «Ոչ մեկն էլ դեմ չէ գեղեցկությանը: Եթե դու չունես աշխատանք, որ քո առօրյա հոգսը հոգաս, էդ կանաչը քեզ ինչքանո՞վ գեղեցիկ կթվա: Եթե գիտես՝ գործազուրկ ես դառնալու ու դրա հաշվին կանաչապատվի, դաժան է մի քիչ: Էդքան բան», «Քաղաքում էնքան չլուծված հարցեր կան, առաջնահերթը սա՞ էր: Սկզբում թող մի գործարան բացեն: Էսքան գործազրկություն կա, հիմա էլ սա են փակում: Ղեկավարին ինչ կա, ինքը իր հացը ունի: Ժողովուրդն է ձեզ ընտրել, որ ավելի լավ ապրի, ոչ թե հացի փողից էլ զրկվի»:
Խնդրի սոցիալական ու հոգեբանական կողմից բացի, այստեղ մատնացույց են անում որոշակի իրավական ու իրավունքի խնդիրներ, որոնք կառաջանան, եթե քաղաքապետարանը սկսի իրագործել հռչակած նպատակը կամ որոնք արդեն իսկ գոյություն ունեն:
Քաղաքապետարանը մասնավորապես հայտարարել էր. «Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարում նշված է կանաչով): Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ»:
«Ատմասֆերա» սրճարանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ղազարյանը, որի ընտանիքի սեփականությունն է այս սրճարանը, ասաց, որ տարածքն ազատելու վերաբերյալ որեւէ ծանուցում իրենք չեն ստացել: Ենթադրեց, որ դրա պատճառը վարձակալության պայմանագրի կողմ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի լինելն է: Բայց քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, հրապարակված գծանշումից ու այլ աղբյուրներից տեղեկացել են, որ «Ատմասֆերայի» զբաղեցրած մի հատվածը նույնպես կանաչապատման ենթակա է: «Մենք, բացի այս տարածքը բարեկարգելուց, ուրիշ ոչինչ չենք անում: Պարզ է, որ օպերայի տարածքն է, կարող է բազմաթիվ մարդիկ ուզում են գան, այստեղ նստեն, հանգստանան: Մենք այդ ամեն ինչը ընդունում ենք: Նաեւ ընդունում ենք, որ սրանք, կոպիտ ասած, մեր երկրի հողերն են, ուշ թե շուտ պետք է վերադարձվեն: Բայց գտնում եմ՝ սխալ է, որ 30 օր առաջ են տեղեկացնում եւ ասում են՝ 30 օրից գալու ենք, քանդենք: Պարզ է, դեռ ոչ մեկը չի եկել, բայց կարող են մարդկանց տրամադրել գոնե մեկ կամ երկու սեզոն»,- ասաց Էլիզաբեթ Ղազարյանը՝ ընդգծելով ծրագրերի առկայությունը, ներդրումները միայն սեզոնին փոխհատուցվելու անհրաժեշտությունը եւ այլ հանգամանքներ: Իրենց հետ կնքված պայմանագրում, ըստ նրա, տարածքն ազատելու համար 30-օրյա ժամկետ նախատեսված չէ: Տվյալ դեպքում դա երեք ամիս է, որը նույնպես, ըստ մեր զրուցակցի, քիչ է:
Նա ուշադրություն հրավիրեց օպերայի տարածքի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա ու նշեց, որ կանաչապատման ենթակա հատվածում տեղադրված ցանցերի միջոցով դուրս են գալիս մեքենաների արտանետումները, ինչն էլ չորացնում է ծառերը, ու իրենք պարբերաբար ստիպված են լինում տարբեր միջոցառումներ ձեռնարկել:
«Մենք շատ ենք աջակցել հեղափոխությանը, ու քաղաքապետն էլ մեր ընտրությունն է, ուղղակի մենք չգիտեինք, որ կարող է գալ մի ժամանակ, որ մեր այդ ընտրությունը դուրս գա մեր դեմ: Կարելի է մի քիչ ճիշտ մոտեցում ցույց տալ: Սխալ եմ համարում, որ այն մարդիկ, որոնց մենք ընտրել ենք եւ զբաղեցրել են բարձր պաշտոններ, մեծ հայտարարություններ են անում, որ հետաքրքիր չէ նույն գործարարների կարծիքը, թե իրենք տուժում են: Ասում է՝ բիզնես է, կարող են եւ տուժել: Դա մեր քաղաքապետի հայտարարությունն է եղել: Հասկանում ենք, որ սա օպերայի շենքի բակն է ու երեւի բոլորն էլ չարաշահել են այդ ամենը, ասենք ամեն մեկը սարքել է այնպես, ինչպես ուզել է, բայց կարելի է ամեն ինչին լուծում տալ: Մարդկանց առանց գործ թողնելով չէ: Կարելի է մի հատ նստել, քննարկել: Մեզ ոչ մեկը չի մոտենում, մեզ հետ ոչ մեկը չի ուզում խոսել, ուղղակի ասում են՝ քանդում ենք ու վերջ: Իրենց հետաքրքիր չէ»,- արձանագրեց «Ատմասֆերա» սրճարանի ներկայացուցիչը:
Ապամոնտաժման ենթակա «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջեր Լաերտ Պողոսյանն ասաց, որ քաղաքապետարանից ծանուցում իրենք ստացել են: Դեկտեմբերի 7-ի գրությամբ տրվել է մեկ ամիս ժամանակ: Բայց մինչեւ այսօր էլ քաղաքապետարանից ոչ ոք չի եկել դրա հետքերով: Իսկ իրենք տարածքն ազատելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել, փոխարենը գործի են անցել իրավաբանները: Սրճարանի ապակե պատերի վրա փակցված են նաեւ Միլանի, Սիդնեյի, Ֆրանկֆուրտի օպերային թատրոնների նկարները, որոնց հարեւանությամբ նույնպես սրճարաններ են գործում, իսկ ուղեկցող գրությունը հետեւյալն է՝ #թողեք աշխատենք: Այս արտահայտությանը հանդիպեցինք նաեւ տարածքում գործող այլ օբյեկտների վրա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում