Երկու օր առաջ դատարանը որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կրկին կիրառել կալանքը որպես խափանման միջոց։ Ցնծացին գրեթե բոլորը, որոշները ուրախացան, ոմանք հայտարարեցին, թե դա երկրորդ հեղափոխությունն էր, փողոցը հայտնվեց խրախճանքի մեջ։ Այն փողոցը, փողոցի այն խուժանը, որը Գրիգորյանին գրավով ազատ արձակելուց հետո օրեր շարունակ փակում էր Երևան-Էջմիածին մայրուղին, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայան տանող ռազմավարական ճանապարհը։
Դատարանի որոշումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «լայվերից» մեկում անդրադարձել էր այդ թեմային՝ բողոքի ակցիա իրականացնողներին հորդորելով փողոցներ չփակել։ Այն հիմնավորմամբ, որ ի տարբերություն նախկինի, հիմա Հայաստանում իշխանության ղեկին է հասարակության վստահությունը վայելող թիմը, իսկ այդ դեպքում հարցեր լուծելու համար փողոցներ չեն փակվում։ Ինչ ազդեցություն ունեցավ վարչապետի «լայվը», դժվար է ասել։ Թեև նույն այդ օրերին ցուցարարները, առանց ավելորդ բարդույթների, հայտարարում էին, որ եթե Մանվել Գրիգորյանին կրկին չկալանավորեն, իրենք ոչ միայն փողոցներ են փակելու, այլ դիմելու են շատ ավելի ծայրահեղ քայլերի։ Ի՞նչ քայլերի մասին էր խոսքը՝ կիմանան երևի փողոց փակողներն ու Նիկոլ Փաշինյանը՝ որպես «success story» ունեցող փողոց փակած գործիչ։
Մանվել Գրիգորյանն արդեն կալանավայրում է, փողոցներն արդեն բաց են, Նիկոլ Փաշինյանն էլ՝ Դավոսում կամ, գուցե, Մոսկվայում։
Այս դեպքը ընդհանուր մթնոլորտի, վտանգավոր ու տագնապալի մթնոլորտի առանձին վերցրած մեկ արտահայտությունն էր միայն։ Մանվել Գրիգորյանի կալանավորմամբ այդ խնդիրը չդադարեց գոյություն ունենալ։ Այն կարող էր արտահայտվել և արտահայտվելու է ցանկացած պահի, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հանրային կառավարման համակարգը գործում է թերի, կիսատ ռեժիմում, քանի դեռ բացակայում են իշխանության իրական հակակշիռներն ու զսպումների մեխանիզմները։
Հայաստանում, բառի բովանդակային իմաստով, բացակայում է ընդդիմությունը։ Այն իմաստով, որ իմաստով ընդդիմությունն իրենցից ներկայացնում է այլընտրանք, հնչեցնում է քննադատություն և այդմով ազդում է որոշումների կայացման գործընթացի վրա: Ահա այդ իմաստով, Հայաստանում ընդդիմությունը բացակայում է։ Խորհրդարանի գործունեության առաջին շաբաթը ցույց տվեց, որ նոմինալ առումով ընդդիմության դերում ամբողջությամբ հանդես է գալիս «Լուսավոր Հայաստանը», որի ներկայացուցիչները նստաշրջանի ընթացքում հանդես եկան ամենատարբեր հարցերի շուրջ բավական սուր, քննադատական ելույթներով։ «Լուսավոր Հայաստանին» կարելի է համարել անգամ խորհրդարանական առաջին շաբաթվա նյուզմեյքերը։ Բայց ոչ ավելին։ Արդյոք որևէ մեկը մտածո՞ւմ է, որ, ասենք, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան (ինչի մասին փաստարկված խոսում էին ԼՀ-ի ներկայացուցիչները) փոխվելու է։ Իհարկե ոչ։ «Լուսավոր Հայաստանը» հո փողոց փակող խաժամուժ չէ, որ իշխանությունը հաշվի նստի նրա հետ։ Իսկ խաժամուժի հետ նստում է։ Ոչ ուղղակիորեն, բնականաբար, այլ հանդուրժելով այն մթնոլորտը, որում փողոցի ձայնը լսելի է որոշումների կայացման վրա ուղղակիորեն ազդելու աստիճանի։
Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը շատ նման է բողոքականությանը, որը, որպես կրոնական ուղղություն, մերժում էր եկեղեցու դերը և ընդունում էր Աստծո հետ միայն ուղիղ կապը։ Նույնը տեղի է ունենում Հայաստանում։ Փողոցը մերժում է պետական կառավարման, դատական իշխանության մարմինները և ուղիղ կապով «խոսում» է վարչապետի հետ։ Խոսում ու վերջնագրեր է ներկայացնում, որոնք ընդունվում են։ Այսինքն՝ փողոցի մի քանի տասնյակ երիտասարդներն այսօր ավելի մեծ ազդեցություն ունեն իշխանության վրա, քան նույն «Լուսավոր Հայաստանը» իր՝ մոտ երկու տասնյակ պատգամավորներով։
Հայաստանում ընդդիմության փոխարեն հաստատվել է բողոքականություն, որը հղի է վատ հետևանքներով։ Համենայնդեպս, պատմությունն ունի նման օրինակներ. հենց բողոքականության արդյունքում Հոլանդիայում 16-րդ դարի վերջում ձևավորվեց բուրժուազիան։ Ըստ ամենայնի, Հայաստանում ևս ինչ-որ բան ձևավորվելու է բողոքականության արդյունքում։ Հազիվ թե դա լինի բուրժուազիան, քանի որ նախորդ երկու ռեժիմների արդյունքում ծնված ու բարգավաճած բուրժուազիան այսօր արդեն խաղաղ գոյակցում է նոր Հայաստանի նոր իշխանության հետ, որի ղեկավարը նրանց այլևս անգամ օլիգարխ չի անվանում և արտասանում է «սեփականատեր» բարեհունչ եզրույթը։
Այս իրավիճակը հղի է բավական վտանգավոր հետևանքներով՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության, բայց նաև Հայաստանի համար, որովհետև իշխանության կողմից մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ ընդդիմության տոտալ մերժում։ Այսօրվա իշխանությունը ինստիտուցիոնալ ընդդիմությանը վերաբերում է գրեթե թշնամաբար, վերաբերում է այնպես, ինչպես ընդամենը մեկ տարի առաջ չէր ցանկանա, որ վերաբերվեին իրեն։ Իսկ ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայությունը կարող է լրացվել և կլրացվի արտախորհրդարանական ուժերով՝ հակահեղափոխականներով ու այլ մարգինալներով, ինչպես, օրինակ, այս խորհրդարանի համար ընդամենը 2 տարվա կյանք գուժող «Սասնա ծռերը»։ Ինստիտուցիոնալ ընդդիմության բացը, և ուրեմն, կլրացվի այդ ուժերով, այսինքն՝ խորհրդարան կգնան՝ ինստիտուցիոնալ դրսևորում կստանան հակահեղափոխական ՀՀԿ-ն ու քոչարյանասպասարկ ուժերը, ինչպես նաև ահաբեկչությունը չմերժող «Սասնա ծռերը»։ Եթե նման բան տեղի ունեցավ, առաջին հերթին վերացվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ բառի փոխաբերական, բայց ոչ միայն փոխաբերական իմաստով, ապա նաև պետությունը, որը կարող է հայտնվել այնպիսի հետադիմության պայմաններում, ինչպիսին էր նույն Հոլանդիան 16-րդ դարում՝ իսպանացիների հաստատած ինկվիզիցիայի ժամանակներում, որի շրջանակներում էլ հետապնդվում էին բողոքականները։
Աղբյուրը՝ 1in.am