Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել: Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Այս ծրագիրը համարվում է մեր ռազմավարական ծրագրերից մեկը: Այդ ճոպանուղին կմիացնի Նոր Նորքը Երևանի Կենտրոն վարչական շրջանին: Կարծում եմ, որ ճոպանուղին ավելի արագ կկառուցվի, քան մետրոպոլիտենի նոր կայարանները, քանի որ գումարային առումով այն կայարանների կառուցումից ավելի քիչ միջոցներ է պահանջում»,- նկատեց Երևանի գլխավոր ճարտարապետը: Նա հայտարարել է նաև, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի երկու նոր կայարան ստեղծել:
Երևանը նախկինում ունեցել է ճոպանուղի: Այն գործել է 1967-2004 թվականներին և ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք` օրական տեղափոխելով մոտ 500 ուղևորի։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն վարչական շրջանի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին:
Աղբյուրը՝ 1in.am