Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է ստանում: Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել, որտեղ ներկայացնում էին դեկտեմբերին ՊԵԿ աշխատակիցների ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը։ Ինչպես գրել էր yerevan.today-ը՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։ Ըստ այդ տեղեկության ՊԵԿ-ում աստղաբաշխական պարգևատրումներ են եղել և նման չափով խրախուսանք չի եղել ՊԵԿ որևէ նախագահի օրոք։
ՊԵԿ-ից Armdaily.am-ին հայտնել են, որ ՊԵԿ-ում նման պարգևատրումներ գոյություն չունեն, ուղղակի դեկտեմբեր ամսին վճարվել է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, լրավճարները և պարգևատրումները:
Հիշեցնենք, որ համաձայն yerevan.today-ի հրապարակման, միայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել էր 8 մլն 55 000 դրամով, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն. 60 000 դրամով, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն. 456 000 դրամով:
Նշենք, որ տեղեկությունների համաձայն, yerevan.today կայքը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: