ՊԵԿ-ի հրահանգը՝ «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…»

«168 ժամ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները և վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այս հայտարարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց: Երգիչ-երգչուհիներից շատերը հույս հայտնեցին, որ այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք համերգներ են կազմակերպում Հայաստանում, պետությանը հարկ են վճարում, և կարիք  չի լինի եկամուտները հայտարարագրելու։

Սակայն  նրանց հույսերը չարդարացան, դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով այդ ոլորտը ներկայացնող անձանց հայտարարագրել եկամուտներն ու վճարել հարկերը։

Եվ ահա կարծես թե ՊԵԿ-ում գործի են անցել։

168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել։

Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել. «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…», փոխարենը հրահանգվել է հատկապես խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ըստ երևույթին նրանց սերտորեն ասոցացնելով նախկին իշխանությունների հետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: