Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին:

«Համոզված եմ, որ նոր չափագրումներից հետո կլինեն տարբերություններ: Պետք է հասկանանք միայն, թե թղթերում գրված տվյալների համեմատությամբ իրականում որքա՞ն են դրանք: Ամեն լումա մեզ համար շատ կարևոր է, և այն գումարները, որ պետք է այսօր հավաքագրենք, գնալու են միայն համայնքի խնդիրների լուծմանը: Որքան շատ հավաքագրվի, այնքան ավելի հարց կլուծվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում: Արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինարարության 9 դեպք: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո 2 հասցեներում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 12/4 (համայնքին պատկանող հողատարածքում կառուցված քարե ինքնակամ շինությունն օգտագործվել է որպես հավաբուն) և Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները քաղաքացիների իսկ ուժերով քանդվում են:

Քաղաքապետը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ այն աշխատակիցները, որոնք թերանում են, պետք է փոխարինվեն:

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով սահմանվել է երեկոյան հերթապահություն: Առաջին շոշափելի արդյունքը գրանցվել է հունվարի 16-ին. Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Նշվել է, որ ոլորտի պատասխանատուները հանդիպել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիների հետ, քննարկել և առաջարկել խնդրի լուծման տարբերակներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և հիշեցրել, որ մայրաքաղաքում չկան բացառություններ ու արտոնյալներ, և որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Մայրաքաղաքի մայթերը և չսահմանված այլ հատվածները որպես ավտոկայանատեղի օգտագործելու փաստի առնչությամբ քաղաքապետը հատկանշել է, որ խնդիրը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը չի դիմել կոշտ միջոցների:

«Ինչ արժեք ունեն Երևանի ավագանու որոշումները, եթե մի տեղ ասում ենք՝ ավտոկայանատեղի չի լինելու, բայց միևնույն է, այդտեղ մեքենաներ են կայանում: Քաղաքապետարանն ինչ էլ անի, միևնույն է՝ անզոր է: Այստեղ արդեն ոստիկանությունը պետք է գործի» ,- ընդգծել է քաղաքապետը:

«Թեժ գծի» աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործարկվել է Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-05 կարճ և անվճար հեռախոսահամարը: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում կներդրվի աշխատանքային ժամերից հետո ձայնային հաղորդագրություն ընդունելու հնարավորությունը: Քաղաքապետը հետաքրքրվել է նոր հեռախոսահամարով ստացվող զանգերի քանակի մասին և հանձնարարել հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել քաղաքացիներին գործող նոր «Թեժ գծի» առկայության մասին:

Բանակի օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն վարչական բոլոր շրջաններում: Հանձնարարվել է Արարատյան Հայրապետական թեմի հետ նախապատրաստվել նաև փետրվարի 16-ին նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնին:

Աղբյուրը՝ 1in.am