Նիկոլ Փաշինյանի բնական դաշնակիցներն ու անտեսանելի թշնամիները

Կառավարության ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունների մեծ մասը ինչպես նրա թիմի կողմից, այնպես էլ հանրության մի շարք շերտերում ընկալվում է սվիններով։ Ցանկացած քննադատություն այդպիսով որակվում է որպես հեղափոխությանն ու նրա առաջնորդի դեմ ուղղված քայլ, որպես նախկին իշխանություններին ու հակահեղափոխականներին սատարելու փորձ։ Ընտրություններն ավարտվել են, սակայն «սև-սպիտակի» տարանջատումը դեռևս շարունակում է արդիական մնալ։ Այսինքն՝ այդ մթնոլորտը արդիական են պահում հենց իշխանության ներկայացուցիչները։ Դա նրանց հնարավորություն է տալիս ինքնապաշտպանվել, առաջ մղել «թողեք թող աշխատեն» պոպուլիստական պարզագույն թեզը, որը, ցավոք, նույնքան պարզագույն կերպով տարածվում ու տիրաժավորվում է վարչապետին իսկապես վստահող հասարակության շատ անդամների շրջանում։

Սակայն այս մթնոլորտը, քննադատությունը մերժող ու բացառող մթնոլորտը առաջին հերթին վնասում է հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ, եթե նա շրջափակված է իր մասին միայն դրական արտահայտվող, իրեն գովերգող, աստվածացնող ու քծնող մարդկանցով, ապա ժամանակի մեջ կարող է կորցնել իրականության զգացողությունը։ Իսկ դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես անձամբ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ պետության համար։

Կառավարման տեսության մեջ կան ղեկավարների կոմպետենտության ու տեղեկացվածության մակարդակի բարձրացման տասնյակ մեթոդներ։ Գերծանրաբեռնվածության պատճառով ղեկավարը անգամ ֆիզիկապես չի կարող տեղյակ լինել իր կողմից կառավարվող համակարգում տեղի ունեցող գործընթացների մասին, ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկանում է իր օգնականների, ռեֆերենտների, խորհրդականների զեկուցումների միջոցով։ Բայց ղեկավարը չի կարող գնահատել այդ զեկուցումների արժանահավատությունը և հեշտությամբ կարող է հայտնվել ինֆորմացիոն շրջափակման մեջ։ Բացի դրանից՝ նույն կառավարման տեսությունն անդրադառնում է նաև ղեկավարին հասցվող տեղեկատվության աղավաղման, խեղաթյուրման երևույթին։ Խոսքն այն մասին է, որ ցանկացած տեղեկատվություն կառավարման բուրգի ներքևից մինչև վերին մակարդակ հասնելը ֆիլտրվում է զանազան պատճառներով, այդ թվում՝ շահերի բախման պատճառով, և այն պատճառով նաև, որ յուրաքանչյուր մակարդակի ղեկավար փորձում է իրենից ավելի բարձր մակարդակի ղեկավարին տեղեկությունը փոխանցել բացասականից «մաքրված», այնպես, որ վերև գնա միայն դրական ինֆորմացիան։ Արդյունքում այն, մինչև բուրգի գագաթ հասնելը, «մաքրազերծվում» է, և ղեկավարը ստանում է միայն դրական տեղեկատվություն։ Այս տեսական մոտեցումները տեղին են ինչպես բիզնես միավորների, այնպես էլ պետական կառավարման համակարգերի համար։ Ի դեպ, մասամբ կամ առավելապես նշված պատճառներով նաև Սերժ Սարգսյանը կորցրեց իշխանությունը, նա չափից ավելի էր կտրվել իրականությունից և ապրում էր «ինֆորմացիոն փափուկ բարձի ռեժիմում»։ Նույն ճանապարհով գնում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Այս առումով, անձամբ Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է ընդդիմություն, իրական, քննադատող ընդդիմության առկայությունը ինչպես խորհրդարանում, այնպես էլ ԱԺ-ից դուրս՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում, մամուլում։ Բայց մենք տեսնում ենք հակառակը՝ խորհրդարանում «Լուսավոր Հայաստանի» որևէ քննադատական ելույթ արժանանում է «Իմ քայլի» կոշտ հակադարձմանը, իսկ մամուլի հրապարակումներին պատասխանում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ իրականության մեջ քննադատողները՝ խորհրդարանում՝ «Լուսավոր Հայաստանը», խորհրդարանից դուրս՝ ընդդիմադիր մամուլը՝ Նիկոլ Փաշինյանի իրական, բնական դաշնակիցներն են։ Իսկ իրեն շրջապատած պնակալեզները իր իսկ անտեսանելի թշնամիներն են, որոնք կարող են դառնալ նրա ու նրա իշխանության կործանման պատճառը։

Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանի տապալման դեպքում կորցնելու ենք բոլորս, կորցնելու է Հայաստանը, կորցնելու է հայ հասարակությունը, որը դրանից հետո կարող է ուշքի չգալ ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։ Նիկոլ Փաշինյանին ազնիվ մղումներով որևէ քննադատող չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության տապալումը, ճիշտ հակառակը՝ նրա իրական քննադատները, ոչ թե հակահեղափոխական, այլ իրական քննադատները քննադատությամբ ընդամենը ցանկանում են նրան զերծ պահել սխալներից և փորձում են մատնանշել ճիշտ ուղղություններ։

Նիկոլ Փաշինյանի տապալումը կլինի բոլորիս տապալումը, նրան շրջապատող պնակալեզները կճողոպրեն առաջին իսկ վայրկյանին, և նա կմնա դեմ հանդիպման իրականության հետ։ Այն իրականության, որն այդքան հետևողականորեն փորձ է արվում թաքցնել Փաշինյանից նրա մերձավոր թիմակիցների կողմից։

Աղբյուրը՝ 1in.am