«Վալեքսը» սաբոտա՞ժ է անում. Ալավերդու և Թեղուտի բնակիչներն անորոշության մեջ են

Արդեն մեկ տարի է, ինչ փակ է Թեղուտի գործարանը, մի քանի ամիս է՝ Ալավերդու պղնձաձուլարանը: Երկու գործարանի աշխատակիցներն էլ շվարած են, չգիտեն՝ ինչ է լինելու, ինչպես է լուծվելու իրենց հետագա գոյության հարցը։ Եթե Թեղուտի աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը լուծարված են, ապա Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը ևս երկու ամսով՝ մինչև փետրվարի 28-ը երկարաձգվել են։ Նրանք ստանում են իրենց աշխատավարձի 2/3-ը, որը, սակայն, բավարար չէ տարրական կենցաղային խնդիրներ լուծելու համար։

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակից Գարեգին Անտաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անորոշության մեջ սպասում են։ Անգամ խոսակցություններ չկան՝ կվերաբացվի գործարանը, թե ոչ։ «Ոչ աշխատողներն են տեղյակ, ոչ տնօրինությունը, հավանաբար։ Մեզ դեռ չեն կրճատել, 2/3-ով փող ենք ստանում, բայց պայմանագրի երկարաձգումը մինչև մարտի 1-ն է։ Մարտի 1-ից հետո հնարավոր է այլևս պայմանագրերը չերկարաձգվեն։ Անորոշությունը հենց սրանում է կայանում։ Դրա համար էլ աշխատողների մեծ մասն արդեն դրսում աշխատանք է գտել, պատրաստվում են մեկնել արտագնա աշխատանքի։ Մի մասը գնացել է, բայց գարնանը շատ մեծ ալիք կսկսի մեկնողների»,-ասաց մեր զրուցակիցը։

Գարեգինի խոսքերով՝ կառավարությունից էլ հստակ պատասխան չեն տալիս, քանի որ ինչ-որ դատական պրոցեսներ կան, որոնք եթե չավարտվեն, դատական վեճերը չլուծվեն, ոչ մի բան հնարավոր չի լինի անել։ «Բայց դա Թեղուտի համար, իսկ Ալավերդու մասին դեռ ոչ մի նորություն չկա։ Բայց գոնե Թեղուտն աշխատեր, մարդկանց մի մասը այդտեղ կաշխատեր, թե չէ ահավոր վիճակ է։ Եկեք ու մտեք ցանկացած խանութ ու խոսեք խանութպանի հետ։ Տխուր վիճակ է, ահավոր պարտքեր, վարկեր, մարդկանց մի մասին արդեն ԴԱՀԿ-ից ծանուցումներ են եկել»,-ասաց մեր զրուցակցը։

Իսկ նշված դատական գործը վերաբերում է Թեղուտին։ Հունվարի 23-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ «Կ-Արաստ» ընկերության ներկայացրած դատական հայցը, որով ընկերությունը պահանջում է 2 մլն դրամի պարտքը, ինչպես նաև պահանջում լուծարել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Թերևս, միայն դատական վեճի լուծումից հետո պոտենցիալ ներդրողը կկարողանա անցնել գործի։

Հիշեցնենք, որ Թեղուտի և Ալավերդու գործարանի հետ կապված խնդիրը ի հայտ եկավ «Վալեքս» ընկերության կողմից ՎՏԲ բանկին ունեցած վարկային պարտավորությունները չկատարելուց հետո։ Ընկերությունը բանկին 380 մլն դոլար վարկային պարտավորություն ուներ, որի դիմաց գրավադրված էր ոչ միայն Թեղուտը, այլ նաև Ալավերդու պղնձաձուլարանը: Այժմ երկու գործարաններն էլ բանկի սեփականությունն են:

Դեռևս խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ներկայացուցիչները Ալավերդիում աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացել էին, որ կառավարությունը լուծում կտա խնդրին։ Կառավարությունը բանակցում է տարբեր ներդրողների հետ, որպեսզի Ալավերդիում արտադրության այլընտրանքային ճյուղեր նույնպես լինեն:

Կառավարության այդ ներկայացուցիչներից մեկն էլ այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ալավերդու բնակիչ Արեն Մկրտչյանն էր։

Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ խոսքը «Վալեքս» մասնավոր ընկերության մասին է, և գործարանի աշխատել-չաշխատելու որոշումը կայացնում է բացառապես տնօրինությունը. «Մենք իրենց հետ բանակցել են երկար ժամանակ, քանի որ խոսք էր գնում մոտ 630 աշխատակցի մասին։ Բանակցությունների արդյունքում լուծարման պայմանագրերի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվեց, որպեսզի ժամանակ շահեինք և շարունակեինք բանակցությունները մինչև համաձայնության գալն ու աշխատանքների վերսկսումը»,- ասաց Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչ է ենթադրում համաձայնության գալ, որքանով է իրատեսական նոր ներդրողի հայտնվելը, Մկրտչյանը պատասխանեց, որ երկու իրավիճակ կա։ Մեկը՝ կապված Թեղուտի հանքավայրի հետ, մյուսը՝ կապված Ալավերդու ձուլարանի հետ։ Թեղուտը, ինչպես արդեն նշեցինք, որպես գրավի առարկա, սեփականության իրավունքով անցել է ՎՏԲ բանկին, որն էլ նոր ներդրող է հրավիրել։ Իսկ նոր ներդրողը չի կարողանում աշխատանքներ սկսել, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, դատական պրոցեսներ են սկսվել։ Իսկ Ալավերդու դեպքում տնտեսվարողը շարունակում է մնալ «Վալեքս» գրուպը, որի հետ բանակցությունների միակ արդյունքը պայմանագրերի երկու ամսվա երկարաձգումն էր։ «Սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ 630 հոգի առանց աշխատանք չմնա։ Այս պահին էլ ամեն ինչ արվում է երկկողմ բանակցությունները շարունակելու ուղղությամբ, որի շրջանակներում կարվի առավելագույնը։ Պարզապես ուզում եմ նորից հիշեցնել, որ Ալավերդու ձուլարանը բանկում գրավի առարկա է ու ցանկացած լուծում կարող է լինել»,- ասաց Արեն Մկրտչյանը։

Ի դեպ, Արեն Մկրտչյանը հերքեց այն լուրերը, թե իբր ընտրություններից առաջ Ախալքալաքցի Նորիկին՝ Նորիկ Թևանյանին բերել են որպես ներդրող, սակայն ընտրություններից հետո պլանները չեղարկվել են։ «Ներդրողը Ախալքալաքցի Նորիկը չի, նա ուրիշ Նորիկ է։ ԱԺ-ի նիստի ժամանակ իմ հնչեցրած հարցը պարունակում էր տեղեկություններ, որոնք պարզապես ջախջախում էին այս հերյուրանքը։ Ներդրողին ՎՏԲ բանկն է մեզ ներկայացրել՝ ի դեմս ռուսաստանաբնակ հայ գործարար Նորայր Պետրոսյանի, որը ծնվել, մեծացել է Աբովյան քաղաքում։ Մենք, ծանոթանալով ներկայացված ծրագրին բոլոր կողմերից՝ բանկ, կառավարություն, ներդրող, եղավ համաձայնություն, բայց դրանից հետո «Կ-Արաստ» ընկերության, որը, Թեղուտի վերաբացման նախաձեռնության անդամների պնդմամբ՝ կապված է «Վալեքս» ընկերության հետ, դատական հայց է ներկայացրել, պահանջով՝ լուծարել «Թեղուտ» ՓԲԸ-ն և մոտ 2 միլիոնի դրամական փոխհատուցում։ Բացի դրանից՝ նրանց պահանջով հայցի ապահովման միջոց է կիրառվել և Թեղուտի հաշիվների վրա կալանք է դրվել։ Սա նշանակում է, որ նոր ներդրողը, որն իր գործադիր տնօրենի հետ ժամանել էր և պատրաստվում էր գործադիր տնօրեն նշանակել, որպեսզի 1200 աշխատակցի ծանուցագիր բաժանի աշխատանքի վերադառնալու պահանջով, չի կարողանում գործադիր տնօրեն նշանակել և նրան գրանցել պետռեգիստրում։ Հենց այս պատճառով է պրոցեսը հետաձգվում»,- նկատեց պատգամավորը՝ ավելացնելով, որ դատարանի կողմից դատական պրոցեսի ավարտից հետո, դրական ելքի դեպքում, Նորայր Պետրոսյանը պատրաստ է անմիջապես 1200 մարդու ընդունել աշխատանքի։

Մեր դիտարկմանը՝ որևէ միտո՞ւմ կա «Կ-Արաստ» ընկերության ներկայացրած հայցադիմումում և այդպիսով պրոցեսը երկարաձգելով, Մկրտչյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հստակ կարծիք հայտնել, բայց Թեղուտի վերաբացման նախաձեռնության ակտիվիստների խոսքերով՝ այդ ընկերության և «Վալեքս» ընկերության ղեկավար կազմի անդամներից մեկի միջև խնամիական կապեր կան։ Ամեն դեպքում ես չէի ցանկանա վստահ պնդել, որ սա սաբոտաժ է «Վալեք» ընկերության կողմից և հուսով եմ, որ իրենք ավելի խոհեմ կգտնվեն ու չեն խոչընդոտի նոր ներդրողին անցնել աշխատանքի, մանավանդ որ խոսք է գնում 1200 աշխատակցի մասին, և հարակից գյուղերի բնակիչների համար սա կենսական նշանակության հարց է։ Բացի դրանից՝ նշեմ, որ ներդրողի հետ քննարկվել է միայն էկոլոգիական ստանդարտների պահպանմամբ շահագործման հարցը։ Այնպես չէ, որ մենք կողմ ենք ցանկացած պայմանով հանքավայրը շահագործելուն»։

Աղբյուրը՝ 1in.am