«Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր». Երվանդ Վարոսյան

Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը շառաչուն ապտակ է Հայաստանին։ Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ինչո՞ւ էր ապտակ ու ինչո՞ւ էր շառաչուն։ Սկսեմ շառաչունից։ Առհասարակ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներ Եվրոպական դատարանը կիրառում է հազարից մեկ դեպքում։ Ես կարծում եմ, որ դրանք մեկ տոկոսն էլ չեն կազմում, այսինք, դիմած միջնորդությունների միայն մոտ մեկ տոկոսն է, որ բավարարվում է, քանի որ ծայրահեղ իրավիճակ պետք է լինի, որ Եվրոպական դատարանը կայացնի նման որոշում, այսինքն, ռիսկը պետք է լինի խիստ ծայրահեղ ու վտանգավոր, մարդու կյանքի խնդիր պետք է լինի, որը ներպետական ատյանները չեն լուծում։ Այդ պատճառով Եվրոպական դատարանը հարկ է համարում միջանկյալ միջոց կիրառել»,-մանրամասնեց փաստաբանը։

Նկատեցինք, որ վարչապետ Փաշինյանը նման մեկնաբանություններն ու գնահատականները «դարակազմիկ, ծիծաղելի, մանիպուլյացիա» որակեց, նաև եվրոպական մի քանի երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց։

«Փաշինյա՞նն է անդրադարձել այս հարցին։ Ուրիշ համապատասխան պաշտոնյա չկա՞ր»,-զարմացավ փաստաբանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած տվյալներին, ապա Վարոսյանն ընդգծեց՝ հնարավոր է 7 կամ էլ 107 նման որոշում կայացվի, հարցն այստեղ այն է, թե դա դիմումների քանի՞ տոկոսն է կազմում։

«Հայաստանի պարագայում ես հստակ կարող եմ ասել, որ 2016-2017 թվականների ընթացքում դիմումների միայն մեկ տոկոսն է բավարարվել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ մեր ներպետական ատյանները չեն ձեռնարկել այն անհրաժեշտ միջոցները, որոնք կբացառեին Եվրոպական դատարանի կողմից նման շտապ միջոցի կիրառումը»,-ասաց Փաստաբանը։

Վարոսյանին անհանգստացնում են որոշման վերաբերյալ իրավապահ համակարգից, գործադիր ու օրենսդիր իշխանությունից հնչած մեկնաբանությունները, պարզաբանումները։

«Փոխարեն ընդունեն, որ այո, տեղի է ունեցել սխալ, ներպետական ատյանները թերացել են և շտկեն այդ սխալը, փորձում են գտնել ինչ-որ պատճառաբանություններ, իբր այդպես չէ։ Ես կարող եմ փաստել, որ սա նշանակում է՝ չկա ցանկություն շտկել իրավիճակը»,-կարծիք հայտնեց փաստաբանը։

Նա ցավով նշեց, որ ակնկալում է՝  առաջիկայում էլ ՄԻԵԴ-ը նման որոշումներ կկայացնի Հայաստանի վերաբերյալ։ Այդպես է կարծում՝ հաշվի առնելով առկա իրավիճակը, գործերի նկատմամբ վերաբերմունքը, քրեական գործերի, դատարանների վերաբերյալ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները։

«Այս ամբողջ ծավալը հիմք է տալիս ենթադրելու, որ որոշումներ Եվրոպական դատարանից լինելու են։ Ես հույս ունեմ, որ ի վերջո մեր իրավապահ մարմինները կփոխեն իրենց գործելաոճը, և հեղափոխություն կոչվածն իսկապես կլինի հեղափոխություն։ Թե չէ նույն որոշումներն ենք ստանալու, որոնք ստանում էինք նախորդ տարիներին նախորդ իշխանությունների գործունեության հետևանքով։ Նրանք էլ փորձում էին խուսանավել, տարբեր պատճառաբանություններ բերել, որ ոչ մի սխալ բան չեն արել։ Եթե էս իրավիճակը պիտի մնար նույնը, իրավապահ մարմինները պիտի շարունակեին նույն տիպի գործունեությունը, ինչի՞ էին մեծ-մեծ ճառեր ասում դրան զուգահեռ»,-ասաց փաստաբանը։

Նկատենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՄԻԵԴ որոշմանը հետևած հրապարակումների մասին խոսեց վարչապետ Փաշինյանը։

«Ես ուրախությամբ հետևում են, թե ինչպես են դրանից դարձնում իրադարձություն՝ փորձելով Հայաստանի գործող կառավարության՝ չգիտեմ ինչ-որ անհաջողություն, սխալ, չգիտեմ, և այլն, դարակազմիկ գնահատականներ են տրվում դրան, և էլի օվկիանոսային ալիքներ են բարձրացել։ Ես չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն անեմ, ընդամեըը վիճակագրություն ասեմ»,-ասաց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: