«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանին զայրացրել ու զարմացրել է, թե ով է որոշել, որ պետք է կառավարության կառուցվածքը փոխվի, որի արդյունքում մի քանի նախարարություններ պետք է կրճատվեն, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախարարությունը։
Նրա խոսքով՝ միշտ քննադատել է Գյուղատնտեսության նախարարությանը և նշել, որ այն պետք է ուժեղացվի ու համալրվի բանիմաց կադրերով՝ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար։
«Զարմանում եմ, ո՞վ է նախարարությունները կրճատելու հեղինակը, ո՞վ է այն մարդը, որի գլխում առաջինն է ծագել, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի, ինչո՞ւ են այս ամենը գաղտնի պահում, թող այդ ծրագրի հեղինակի անունը տան, որ ամբողջ ժողովուրդը թքի նրա երեսին։ Ցավոք, այնքան վախկոտ մարդ է, որ թաքնվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Նրա դիտարկմամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն արտադրող նախարարություն է և չի կարելի միացնել, օրինակ, Էներգետիկայի նախարարությանը, քանի որ անհամադրելի են։
«Ասել եմ ու կասեմ, նպատակ է դրված, որ Հայաստանի գյուղատնտեսությունը որպես ուղղություն վերացնեն, կա նաև այլ նպատակ, որ վերջին 10-15 տարիների ընթացքում նախարարության լվացած փողերի հետքերը կորցնեն, ուրեմն՝ կգնան նախարարությունը փակելու ճանապարհով։ Այդ նախարարությունը փակելու փոխարեն՝ պետք է ուժեղացնեին, որտեղ կներգրավվեր նաև Ջրային պետական կոմիտեն, բնապահպանության մի հատվածը»,- նշեց մեր զրուցակիցը և նկատեց, որ նախարարության փակելն ինչ-որ մեկի պատվերով է։
«ԱԺ արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում ավելացան մի քանի ձրիակեր պատգամավորներ, այն էլ՝ ոչ մասնագետներ, դերասաններ, էլ չգիտեմ ինչեր։ Խոսք չի կարող լինել այն մասին, որ այդ մարդիկ կարող են օրենքներ գրել։ Պատգամավորներին ավելացնելու փոխարեն՝ թող Գյուղատնտեսության նախարարությունը պահեին, եթե հաշվենք, որ պատգամավորն ամիսը ստանում է 600 հազար դրամ, իսկ ավելացած պատգամավորների թիվը 27 է, ապա նշանակում է, որ մոտ 30 մլն դրամ պետք է նրանք ստանան, կարծում եմ, որ այդ գումարն այսօրվա Գյուղատնտեսության նախարարության ամսական բյուջեն է։
Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից՝ պահում ենք ձրիակերներ, մյուս կողմից՝ ոչնչացնում բնագավառ։ Կարծում եմ՝ գյուղացիները շուտով նրանց պատասխանը կտան, և եթե ոլորտի հետ կապված հայտնեն իրենց դժգոհությունները, թող իշխանությունները չզարմանան»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Աղբյուրը՝ 168.am