«Դմփ, դմփ, հու» կամ հեղափոխության տղերքի «պրեմիաները»

Մինչև խորհրդարանական ընտրությունները հետևողականորեն պահել ենք հեղափոխության թիկունքը։ Հիմա իրավիճակ է փոխվել․ հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները ջախջախված են, ու եթե հեղափոխությունը պարտվի, ապա՝ միայն այն պատճառով, որ հայտնվել է հեղափոխության տղերքի բացված ախորժակի երախում։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: «Հետք»-ը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել՝ որոշակի վերլուծությունների հիմք ստեղծելով։

Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք.

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ

Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ:

Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանընշանակվել են 2018թ. հունիս ամսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս:

Ընդամենը երեք ամիս աշխատող Արմավիրի մարզպետը ավելի առաջ է գնացել՝ պարգևատրելով ինքն իրեն։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է(դե կրտսեր հեղափոխականները Լենա Նազարյանի հնարավորությունը չունեն, որ իրենց մերձավորին միանգամից Պետքույքում պետ նշանակել տան, Գալուստ Գրիգորիչի ականջն էլ կանչի):

Ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Օրինակ, մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 հազար 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգևատրվել է 304 հազար 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգևատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ:

Նույն ձեռագրով իր աշխատակիցներին պարգևատրել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավելի հեռուն գնացող ապօրինություն կատարելով։ Նա հրաժարվում է հրապարակել պարգևատրվածների ցուցակը։ Ասում է՝ անձնական տվյալների գաղտնիք է, կարծես՝ փողը ոչ թե քաղաքի բյուջեից, այլ հոր տնից է բերել։

«Հերոսներից» արձագանքել է Կոտայքի մազպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «․․․Այս հարցի հետ կապված հարկ եմ համարում նշել, որ տարեվերջյան պարգևատրումներն իրականացվել են բացառապես 2018թ. աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին. երկու իրավական ակտերով պարգևատրման է արժանացել մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87 %-ի չափով:

Պարգևատրումներն իրականացվել են օրենսդրության և իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան և ճիշտ այնպես, ինչպես և նման պարգևատրումների են արժանացել պետական հատվածի բազմաթիվ աշխատակիցներ, ՏԻՄ-երի համայնքային ծառայողներ ու դպրոցների և բուժհաստատությունների հազարավոր աշխատակիցներ»։

Ախր, հիմնավորումները, մեղմ ասած՝ ծիծաղելի են, որովհետև, այսպես կոչված՝ «13-րդ» ստանալու համար մարդը գոնե 12 ամիս այդ հիմնարկում աշխատած պետք է լինի։ Սա նույնիսկ ոչ թե օրենքի պահանջ է, այլ՝ պրիմիտիվ բանականության իմպերատիվ։

Հետո՝ հանրապետականներն էլ էին նման բաներ անում ու ասում էին, որ ամեն ինչ օրենքով է արվել, մի բան էլ՝ Սերժ Սարգսյանի «արևով» էին երդվում։ Բա ինչո՞ւ էիք ժամանակին հանրապետականներին քննադատում, քարը քարի վրա չէիք թողում․ գոնե նրանք ԱԺ պատգամավոր ընտրվածին «պրեմիա» չէին գրում։

Այս «քայլող» մարզպետները մի հատ էլ «քայլերթ» պետք է անեն ու «դմփ, դմփ հու»-ի հնչյուրնների տակ գնան տուն, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հեղափոխությունը դարձնել յուրային չտեսների ու նրանց բամբասողների քննադատության թիրախ։

Օրինակ՝ կարո՞ղ ենք, չէ, ենթադրել, որ մարզպետներն ընտրություններից հետո «պրեմիա» են բաժանել՝ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համար «վիզ դրած» աշխատակիցներին։ Իհարկե՝ կարող ենք ենթադրել, որովհետև նույն բանն անում էին հանրապետականները՝ նույն «հրեշտակային» հիմնավորումներով։

Կամ՝ ո՞վ ասեց, որ հեղափոխականներին չի կարելի մեղադրել փողերի, ասպես կոչված՝ «ատկատի» մեջ, երբ շեֆը աշխատողի համար փող է դուրս գրում՝ կեսը ստանալու պայմանով։

Մի կրկնեք հին Հայաստանի ավանդույթները ու չենք անի «հակահեղափոխական» ենթադրություններ։ Հնարավոր չէ ձյուն կամ աղբ մաքրելուց անփորձ լինել, իսկ «13-րդ» ստանալուց՝ այդքան փորձառու․․․

Աղբյուրը՝ 1in.am