Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
– Պարոն Աղազարյան, Դուք նախորդ գումարման խորհրդարանում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ էիք: Այժմ ի՞նչ կարծիք ունեք սահմանին 15 դոլարով գազի թանկացման մասին, հնարավորություն կա՞ այդ պայմաններում սպառողների համար գազի սակագինը նույնը թողնել:
– Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել էինք, որ բավականին լուրջ ռեզերվներ կան գազի սակագնի իջեցման համար, և կարելի է հանգիստ կոմպենսացնել այդ թանկացումը:
– Որտե՞ղ կա այդ հնարավորությունը:
– Կա կորուստների մեջ, այնտեղ բավականին շատ՝ 6-7% կորուստների համար էր հատկացված, դա հսկայական մեծություն է: Հնարավորություն կա նաև ոչ ճիշտ տնտեսվարման կանոնակարգման դեպքում և կա նաև ուղղակի գողության մեջ: Իհարկե, գողության մի մասը նորից վերածվում է կորստի, բայց բոլոր դեպքերում՝ նաև ոչ ճիշտ տնտեսվարման: Եթե չեմ սխալվում, Ծաղկաձորում, օրինակ, «Գազպրոմ Արմենիան» ունի հյուրանոց՝ «Մարիոթ Արմենիան», որն աշխատում է վնասով, և որի ծախսերը՝ ամսական մոտ 100 հազար դոլար, ընկնում է մեր սպառողների ուսերին:
Ամսական 100 հազար դոլարը հսկայական գումար է, թող վաճառեն այդ հյուրանոցը, եթե օգուտ չի բերում, և ոչ միայն օգուտ չի բերում, ավելին, դա սպառողների հաշվին պահվող հյուրանոց է՝ ինչ-ինչ նպատակներով, որ անհասկանալի է: Այդպիսի շատ-շատ հնարավորություններ կան:
– «Գազպրոմ Արմենիայում» ստուգումներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, քննչական մարմիննե՞րը պետք է զբաղվեն դրանով, թե՞ ՀԾԿՀ-ն:
– Եթե առաջիկա ժամանակահատվածում չլինի այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք, ապա նորից կստեղծենք այդպիսի հանձնաժողով, որի ուսումնասիրությունների արդյունքում կերևա՝ դիմե՞նք քննչական մարմիններին, չդիմե՞նք, թե՞ ընդհանուր հայտարարի գանք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որպեսզի այս կամ այն հարցերում լինենք ավելի օբյեկտիվ և ավելի շատ սպառողի շահերը հաշվի առնենք: Նաև պետք է քիչ եկամուտ հետապնդել: Այստեղ ևս կա հնարավորություն, որ հետապնդվող եկամուտը կարող է ավելի քիչ լինել:
– Բայց հայ-ռուսական պայմանագրով եկամտի չափ է սահմանված:
– Այո, բայց բարի կամքի դրսևորման դեպքում կարելի է դա էլ հաշվի առնել և այդ ռեզերվները օգտագործել: Գիտե՞ք ինչ, սահմանի վրա 135 դոլար էր գազը, իսկ սպառողներին հասնում էր 255 դոլարով: Դա հսկայական տարբերություն է, և պետք է գնահատել, թե դա ինչի հետևանքով է ավելանում: Նախկին իշխանությունների ժամանակ, թողտվության ժամանակ, կոռուպցիոն հայտնի սխեմաների գոյության ժամանակ այդ ամեն ինչը բարձիթողի է արվել, և մարդը պետք է վճարեր:
Իրենք գնացել էին այդ ճանապարհով, հսկայական աշխատավարձեր ստանալով և առանց նեղություն քաշելու՝ չարչարվել և հնարավորինս օպտիմալացնել այդ համակարգը, որ իրենց աշխատավարձը, իրենց շահույթը ապահովեն ոչ թե ուղղակի ժողովրդից փող վերցնելով, այլ իրենց աշխատանքի արդյունքում, որը չի արվել: Չի կարող սահմանին սպառողին գների այդքան մեծ տարբերություն լինել, դա տրամաբանական չի:
Ընդ որում՝ եթե մենք սահմանին գազը ստանանք 150 դոլարով, այդ նույն գնով Ռուսաստանի Օրենբուրգի մարզն է ստանում, ու դրա շրջապատի քաղաքների ու գյուղերի համար գազի գինն այնպիսին չէ, ինչպես մեզ մոտ է, օրինակ՝ այդ կետից 150 կմ շառավղով: Չեմ ասում՝ պետք է լրիվ նույնը լինեն, բայց պետք է համեմատելի լինեն: Համեմատելի չեն: Այնտեղ գազի գինը բնակչության համար բեռ չէ, մեր համար սարսափելի բեռ է:
– Բայց ինչպե՞ս, ասում եք, որ գողություն է եղել, ու «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվածության հնարավորություն եք տեսնում, այդ գողությունը պետք է ներվի՞:
– Ոչ, ոչ մի գողություն, որը կհաստատվի, չպետք է ներվի: Իհարկե, մենք բոլորս էլ գիտենք, որ այս կամ այն հանցագործության դեպքում, եթե մեղադրյալը գնում է իրավապահ մարմինների հետ համագործակցելու, իր սխալներն ընդունելու ճանապարհով, ուրիշ մոտեցում է ցուցաբերվում, հակառակ դեպքում՝ ուրիշ: Դա բնական է, այդպիսի մոտեցումներ կլինեն: Բայց ոչ մի գողություն, ոչ մի հանցագործություն չպետք է ներվի, դա անթույլատրելի է:
– Հանձնաժողովում քննարկումների ժամանակ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարն ասում էր, որ համակարգն այնպիսի վատ վիճակում է, որ կփլուզվի, եթե սակագինն իջեցվի: Այսինքն՝ այսքան ժամանակ ներդրումներ չեն արվել համակարգի վերանորոգման համար, ինչպե՞ս պետք է լինի:
– Իհարկե, որևէ լուրջ ներդրումներ չեն արվել: Ներդրում է արվել հյուրանոց կառուցելու համար: Ո՞ւմ է պետք այդ հյուրանոցը, եթե դրա փոխարեն՝ բնակավայրեր կան, որ պետք է «Գազպրոմ Արմենիան» իր միջոցներով մի 100 մետր խողովակաշար անցկացնի ու մարդկանց գազ վաճառի, բայց չի արել, իր ապրանքը չի վաճառել:
Եթե այդ հարյուր-հազարները հյուրանոցի վրա ծախսելու փոխարեն՝ ծախսեին այդ նպատակով, իրենք եկամուտ կստանային: Գուցե քիչ, բայց ռեալ եկամուտ, ոչ թե վնաս: Է, չեն արել, շատ թեթև են մոտեցել ամեն հարցի, ուրիշ արժեհամակարգ է եղել: Ո՛չ կառավարությունն է աշխատել, որպեսզի հարցեր լուծի, ո՛չ նախարարները, ո՛չ ընկերությունը: Ամեն մեկն աշխատել է իր համար:
– «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցություններն ինչքա՞ն կտևեն:
– Չեմ կարող ասել, ես չեմ մասնակցում, տեղյակ չեմ:
Աղբյուրը՝ 168.am