2018թ. նոյեմբերին պետք է կայանար Յուրի Խաչատորովի կողմից Ստեփան Գրիգորյանի դեմ ներկայացրած հայցի առաջին դատական նիստը։
Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը, դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 30-ը։
«Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը դատական նիստին չէր ներկայացել և խնդրել էր, որպեսզի այն հետաձգվի, քանի որ այլ դատարանում գործ ուներ։ Ես, իհարկե, չառարկեցի»,- ասաց Գ. Բեքմեզյանը։
Հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք նաև Ստեփան Գրիգորյանին, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսին ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։
Հայցադիմումի համաձայն, Ս. Գրիգորյանն ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածել, որով փորձել է արատավորել Յու. Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը։ Գ. Բեքմեզյանը դատարան էր ներկայացրել Ստեփան Գրիգորյանի՝ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ, ըստ Բեքմեզյանի, քաղաքագետը զրպարտիչ արտահայտություններ է թույլ տվել Խաչատուրովի հասցեին։
Նշենք, որ հարցազրույցի ընթացքում քաղաքագետն անդրադարձել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ասելով, որ այդ օրերին գեներալներն իրենց տեղում չեն եղել, ինչպես նաև որոշ գեներալներ, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովը, հայկական տարածքներ են վաճառել Ադրբեջանին։
Դատարան ներկայացրած հայցի համաձայն, Յուրի Խաչատուրովի փաստաբանը Ստ. Գրիգորյանից պահանջում է վճարել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես պատիվն ու արժանապատվությունն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բարի համբավին հասցված բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում: Բացի այդ, պահանջում են, որ քաղաքագետը կրկին հարցազրույց տա և հերքի նախկին հարցազրույցում արած հայտարարությունները և հարցազրույցի տեսագրությունը տեղադրի իր ֆեյսբուքյան էջում։