«Կարմիր գծերի» և ՃԵ ընթացքում տուգանված քաղաքացիներին վարկ չեն տրամադրում. ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է

Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել։ Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն։

Հարցի հետ կապված 168.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ Կենտրոնական բանկ, ճշտելու համար՝ ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրամադրելը։

Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր պատասխանել են, որ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ բանկերը հիմնականում հաշվի չեն առնում «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հանգամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը։

«Հնարավոր է՝ լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել՝ որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ։

Այդուհանդերձ նշենք, որ նման դեպքերը հազվադեպ են»,- նշված էր պատասխանի մեջ։