ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական չի տալու. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում ունի և՛ ասելիք, և՛ անելիք»:
«Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։ Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է։ Մենք ենք ընտրել նրան համագումարում։ Նա ունի ասելիք և անելիք»,- նշեց Շարմազանովը։
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը, որն այսօր վարել է ԳՄ նիստը, պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց. «Բայց ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից։ Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ-ների հետ շփումն է, ուրեմն լիքը ճ կլասի գործիչներ կան, որոնք հիմա պիտի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար լինեին»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ-ն որևէ մեկի դեմ չի պայքարում, իրենց պայքարը Հայաստանի և Արցախի շահի համար է. «Եթե Փաշինյանը պայքարում է մեր դեմ, մենք իր դեմ չենք պայքարում ուղիղ, պայքարում ենք նոր իշխանության քաղաքականության դեմ: Մեր նպատակն է ոչ թե գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելը, այլ քննադատությունը տեղ հասցնելը:
ՀՀԿ-ի համար ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո շարունակում են առաջնային մնալ ազգային արժեքները, արցախյան հիմնախնդիրը և Հայաստանի հարաբերութունները դաշնակիցների հետ»,- ասաց Շարմազանովը:
Աղբյուրը՝ 168.am