Բանավեճեր են, լարվածություն չկա, բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն բանին, որ իր խնամի, նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պատճառով ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճել էին:
Դիտարկմանը, թե ինքն անձամբ ինչ է կարծում դեսպանների մասին և արդյոք պատրաստվո՞ւմ է Մանուկյանի մասին հայտարարությամբ հանդես գալ, Ծառուկյանն ասաց.
«Դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը որակում տա», – ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն արդեն կարծիք հայտնել է, դա է նրա սեփական կարծիքը, որի հիմքում Անդրանիկ Մանուկյանի հետ 3 տարվա աշխատանքային փորձն է:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատություն էր հնչեցրել ՀՀ դեսպանների և դիվանագիտության հասցեին, ինչից հետո նրան հակադարձող ելույթ էր ունեցել Արման Աբովյանը, ապա լեզվակռիվ էր ծագել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։
Բաբաջանյանը քննադատել էր դեսպանների նշանակման պրակտիկան, մասնավորապես, օրինակ բերելով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին, ում որդին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:
«Հայկական ժամանակի» դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարել է, թե ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն «Իմ քայլին» կից ուժեր են, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող ասել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ»:
ՀԺ-ի դիտարկմանը, որ խորհրդարանում երկու ուժ կա, որից մեկն էլ ԲՀԿ-ն է եւ ըստ էության Մինասյանի խոսքն ուղղված էր նաեւ ԲՀԿ-ին, Ծառուկյանը մեկնաբանեց. «Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եղբայր, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի…»:
Հարցին՝ խուսափո՞ւմ է ասել, որ ընդդիմադիր են, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե կոալիցիայի մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես»:
Աղբյուրը՝ armtimes.com