Հայ տրանսգենդերն ունի իրավունք, որից օգտվել է. տրանսգենդերի կռիվը հասավ ԱԺ

ԱԺ–ի նիստում անդրադարձ է եղել ՀՀ–ում տրանսգենդերին կնոջ անձնագիր հանձնելու դեպքին։

Տրանսգենդերն ունի իրավունք, որից օգտվել է։ Այսօր ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև հավելեց, որ այդ հարցի շուրջ ունի իր տեսակետը, որն անկախ ամեն ինչից չի փոխի։

«Աշխարհում որևէ բան ու որևէ մեկը չի կարող փոխել իմ սկզբունքները։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, մեղմ ասած` ես դրական չեմ վերաբերվում նման երևույթին։ Բայց ես ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրավունք և օգտվել են իրենց իրավունքից»,– ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք` օրեր առաջ Հայաստանում տրանսգենդերը կնոջ անունով անձնագիր էր ստացել։ Այս լուրը բուռն քննարկման թեմա է դարձել համացանցի հայկական տիրույթում։ Մեկնաբանությունների տարափը սկսվեց այն բանից հետո, երբ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհավորեց տրանսգենդեր Դիանա Ղզրոյանին անձնական տվյալների փոփոխմամբ անձնագիր ստանալու առթիվ։

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ անձի անվանափոխության համար հիմք է հանդիսացել հայտարարությունն առ այն, որ անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր հերթին հայտնել էր, որ անվանափոխությունը տեղի է ունեցել ՔԿԱԳ–ում, իսկ արդեն համապատասխան փաստաթղթի հիման վրա տվյալ անձը անձնագիր է ստացել։ Նրա խոսքով` տրանսգենդերի անձնագրում նշված է, որ նա արական սեռի է։ Համացանցում հայտնված անձնագրի լուսանկարներում, մեր ունեցած տեղեկության համաձայն, սեռին վերաբերող տվյալը ֆոտոշոփ է արվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am