Ռոբերտ Քոչարյանի մասով դատարանների վրա շատ ավելի մեծ ճնշում կա, քան նույն գործով անցնող մյուս պաշտոնյաների դեպքում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ նույն գործով մեղադրյալներից միայն իր պաշտպանյալն է շարունակում կալանքի տակ մնալ։
«Կալանավարում պետք է կիրառվի բացառապես, եթե առկա են կալանավորման հիմքերն ու պայմանները։ Ես կարծում եմ՝ հավանաբար, այն դեպքում դատարանները օբյեկտիվ են եղել, ես կուզեի, որ այս դեպքում էլ դատարանը օբյեկտիվ լիներ։ Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին ու շատ ավելի մեծ, այսպես ասած, չակերտների մեջ ասենք, թե առանց չակերտների՝ շատ ավելի մեծ պատվեր կա, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ», – ասաց Հայկ Ալումյանը։
Ճշտող հարցին՝ ու՞մ կողմից պատվերի մասին է խոսքը, պաշտպանն արձագանքեց.
«Ես կարծում եմ՝ ներկա գործադիր իշխանության կողմից»։
Հիշեցնենք, որ այսօր Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցով որոշում չկայացվեց։ Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը։
Աղբյուրը՝ aysor.am