«Շատ կառուցողական հանդիպում-քննարկում էր, որի արդյունքում մենք ունեցանք փոխըմբռնում բոլոր գերատեսչությունների հետ՝ և՛ վարչապետի, և՛ ոլորտային ղեկավարների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ։
Այս փոփոխությունը վրդովվեցրել էր «Հայկական ռեստորանների միության» անդամներին, որոնք բողոքի ձայն էին բարձրացրել, պատրաստվում էին անգամ մեկ օրով փակել բոլոր ռեստորանները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։
Նրանց բարձրացրած բողոքի արդյունքում շաբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության ոլորտի պատասխանատու գերատեսչության ղեկավարներ ընդունել են հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Մենք հանրությանը և, մասնավորապես, գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու և համագործակցելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում առաջին մասի վրա: Կա ուրիշ հարցադրում. արդյոք այն հարկային համակարգը, որը գործում է, հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հարստանան, այսինքն` բիզնեսը զարգանա: Սա շեշտադրում է, որի քննարկումը մեր թիվ մեկ խնդիրն է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ բացառված է, որ մենք անարձագանք թողնենք որևէ արդարացի հարցադրում և շեշտադրում այս տրամաբանության մեջ: Եթե մենք տեսնենք, որ գործում է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի շատ աշխատեն, ավելի շատ եկամուտներ ստանան, հետևաբար, ավելի շատ հարկեր վճարեն, կհամարենք, որ ունենք ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծենք»,- հանդիպման ժամանակ ասել է վարչապետը։
Աշոտ Բարսեղյանի խոսքերով՝ հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխըմբռնումն այն էր, որ գործող տոկոսադրույքը, որը գործել է մինչև դեկտեմբերի 31-ը, պետք է վերականգնել ինչ-որ ժամանակաշրջանով։ «Սա այն էր, ինչի դեմ մենք պայքարում էինք և այս կետը մեր պահանջներից մեկն էր։ Նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց ու վարչապետին ներկայացրեց, որ, իր կարծիքով՝ գործող 6 տոկոս տոկոսադրույքը օպտիմալ բեռ է ոլորտի համար»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ հաջորդիվ ևս հանդիպում է լինելու կառավարության անդամների հետ, որի ժամանակ ավելի գործնական քննարկում կլինի, որի ժամանակ պարզ կդառնա ավելացված հարկային բեռի սառեցման կոնկրետ ժամանակահատվածն ու սառեցումից հետո նոր տոկոսադրույքի ու նոր հարկային բեռի չափը։
Բարսեղյանն ասաց, որ կառավարությունը հակված չէր իրենց առաջարկած 5 տարի սառեցման ժամկետին։ «Դա ընդունելի ժամանակահատված է բիզնեսի համար, բայց ընդունելի չէ կառավարության համար։ Բայց կարծում եմ, որ ընդհանուր հայտարարի կգանք։ Կարևորը, որ կա փոխըմբռնում։ Ճանապարհը ծանր է, հետևանքներն էլ, բայց եթե գնում ենք այդ ճանապարհով, ապա լուծումը պետք է օպտիմալ լինի։ Մենք միայն մեր շահերը չենք առաջ տանում։ Մենք ընդունում ենք, որ պետությունն ունի շահեր, և մենք էլ, որպես բիզնես, պետությանը մասնակից ենք և կրում ենք ֆիսկալ պարտավորություններ և ունենք նաև սոցիալական պատասխանատվություն։ Բնական է, որ եթե հարկերը 0 լինեին, շատ լավ կլիներ, բայց դրանք չեն էլ կարող այնքան մեծ լինել, որ վնասեն բիզնեսին։ Դրա համար կա ոսկե միջին ու պետք է գտնենք այդ ոսկե միջինի ապահովման մեխանիզմները՝ պետությունը իր մասով, մենք, որպես բիզնես՝ մեր մասով»,- ընդգծեց Աշոտ Բարսեղյանը։