ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը կարծում է, որ առանց դատարանի որոշման պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու Մանվել Գրիգորյանին հանցագործ կոչել:
«Կա նաև անմեղության կանխավարկածը: Մեր երկիրը կայացած պետություն է, ու երբ որ դատարանը կորոշի, որ ինչ-որ մեկ անձ հանցագործ է, ես էլի եմ ասում, այդ տեսակ հանցագործներին, ինչպիսին որ մեղսագրվում է հիմա, պետք չէ դատարանով դատել: Թող դատարանը որոշում կայացնի՝ տանեք, կանգնեցնեք հրապարակում: Բայց ես չլինեմ դատողը: Եկեք չդատենք, որ չդատվենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համլետ Հայրապետյանը:
Օգտվելով առիթից՝ ԵԿՄ փոխնախագահը դիմեց բոլոր մարտական ընկերներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել են Երկրապահ կամավորականների միությունից՝ նշելով.
«Խնդրում եմ բոլորին: Երկրապահի դռները բաց են, տղե՛րք, ձեր ցավը տանեմ, եկե՛ք, բայց գալու ձև կա, գնացեք ձեր բաժանմունքներում հաշվառման կանգնեք, ընտրվեք պատվիրակ, եկե՛ք ժողովների ժամանակ: Հիշե՛ք, թե ինչ եմ ասում. կանոնադրությամբ պատվիրակ ընտրվում են բաժանմունքներում: Պատվիրակը համագումարի ժամանակ որոշում է կայացնում՝ ընտրել վարչություն, որն էլ ընտրում է վարչության նախագահ, ապա առաջադրում է տեղակալների թեկնածությունը: Դեռ ժամանակ կա, գնացե՛ք, հաշվառվեք, եկեք, որպեսզի կարողանանք միասին երկրապահի օջախը շեն պահել»:
Աղբյուրը՝ 168.am