Աննա Հակոբյանի կոչին ոչ ոք չի հետևել․ հիմնադրամը վատ վիճակում է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, դեռևս սեպտեմբերին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ էր արել իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ուրֆանյանի ստեղծած բարեգործական հիմնադրամին:

Armdaily.am-ի հետ զրույցում Համեստ Ուրֆանյանը ասաց, որ օլիգարխների կանանցից ոչ ոք ոսկի չի փոխանցել հիմնադրամին։ «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նկատի ուներ օլիգարխների կանանց, ովքեր անօրինական հարստացել են, բայց նրանցից ոչ ոք չի արձագանքել»,- նշեց նա և հավելեց․ «Մի զինվորի մայր է միայն մի հատ ոսկի վաճառել ու 50 հազար դրամ հիմնադրամին փոխանցել»։ Խոսելով հիմնադրամին ՝ այլ դրամական փոխանցումներ կատարելու մասին, տիկին Համեստը նշեց, որ հիմնադրամը հիմա վատ վիճակում է․

«Հունվարին 17  հերոս ունենք, ապրիլյան ունենք, իմ տղայի ծնունդն էլ է, ես չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու։ Երևի միակ տարբերակը դրսում դրամահավաք անելն է, բայց դեռ չգիտենք որ ուղղությամբ։ Նոր տարվա կապակցությամբ հայ մեծահարուստներից մեկը 50 հազար դրամ փոխանցում էր արել իմ ընտանիքին, ես էլ զոհված զինվորի՝ Գավառում բնակվող ընտանիքին փոխանցեցի այդ գումարը։ Մեծ մի փոխանցում ենք ունեցել, բարերար է, ով չի ուզում որ իր անունը հրապարակվի»։

armdaily.am