«Մենք պատրաստ ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունները վիճարկել դատարանում»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տրվող պարգևավճարներին, որոնց թվում են թե՛ քաղաքապետը, թե՛ փոխքաղաքապետը, վարչության պետերը, թաղապետերը, և նրանց պարգևավճարը տրվում է քաղաքապետի կարգադրությամբ: Քաղաքապետի կարգադրությունը պետք է հրապարակվի Երևանի պաշտոնական կայքէջում, և այս առումով այս խնդիրը, որ բարձրաձայնում եմ, կարևոր է, պետք է տեսնել, թե որ պաշտոնյան որքան ու ինչ պարգևավճար է ստացել»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ սրանք անձնական տվյալների գաղտնիք չեն կարող համարվել:
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է պահանջում պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելվածը, որտեղ պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը»,- նկատեց Դավիթ Խաժակյանը:
Դավիթ Խաժակյանե նշեց նաև, որ 219 թվականին 1 մլրդ 200 միլիոնով ավելացել է պարգևավճարների համար հատկացվող բյուջեն: «Քաղաքապետի գործողությունները կվիճարկենք դատարանում, եթե այդ տվյալներն այդպես էլ չհրապարակվեն»,- նշեց նա:
Աղբյուրը՝ 168.am