«Մանկապարտեզների դայակների ու դաստիարակների աշխատավարձերն ամեն գնով պետք է բարձրացնել»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկապարտեզների դայակների ու դաստիարակների աշխատավարձերն ամեն գնով բարձրացնել է պետք, դրանք համայնքային ենթականության հիմնարկներ են ու կարելի է արագ որոշումներ կայացնելով լուծել հարցը։

Այդ մարդկանց մենք վստահում ենք մեր երեխաներին, իսկ պետությունը տալիս է 40-50 հազար դրամ աշխատավարձ, չափազանց պատասխանատու աշխատանք կատարող այս մարդկանց դրամական բավարարումը պետք է լինի բարձր, թող այն լինի կոնյակների, միջոցառումների ու քեֆերի հաշվին, կամ թող մանկապարտեզների համար սահմանվի 2000-3000 դրամ ամսավճար, ինչը կգնա աշխատավարձի բարձրացման։

Երևանում անվճար են մանկապարտեզները, շատ լավ է, բայց ամոթալի մակարդակի վրա են մարդկանց աշխատավարձերը, գոնե խոշոր քաղաքները պետք է այս հարցում նոր լուծումներ գտնեն ու օրինակ ծառայեն, առավել ևս, երբ պետության վարած սխալ քաղաքականության արդյունքում հազարավոր երեխաներ հաճախում են վճարովի մանկապարտեզներ, որտեղ ամսական վճարները սկսվում են 20-30 հազարից ու հասնում մինչև 200 հազարի»: