Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

Քոչարյանի պաշտպան Ալումյանը ինքնաբացարկի այս տարափը բացատրում է նրանով, որ առանց օրենքը խախտելու հնարավոր չէ նրան պահել անազատության մեջ:

 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Հետքի» պարբերականի հետ զրույցում ասել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Պաշտպանի խոսքով` դատավոր Գրիգորյանը ինքնաբացարկի երեք էջանոց որոշման մեջ նշել է, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, այն կքննվի վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ինքնաբացարկ էր ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանը:

«Ես ինքնաբացարկների այս տարափը բացատրում եմ նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին առանց օրենքը խախտելու հնարավոր չէ պահել անազատության մեջ, և դատավորները դա լավ հասկանում են: Մյուս կողմից՝ նրանք չեն կարող Քոչարյանին ազատ արձակել, որովհետև տեսնում եք, թե ինչ է կատարվում. հիմա էլ անցել են հրապարակային ակցիաների միջոցով շանտաժ անելուն, և ես կարծում եմ, որ իշխանությունները սա խրախուսում են»,- անդրադառնալով ինքնաբացարկների պատճառներին՝ ասել է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Քաչարյանին գրավով ազատելու և նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվելու են մեկ վարույթում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք`Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am