Աբսուրդ եմ համարում տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելը, առավել ևս չի պարզաբանվում, թե այդ գումարը ինչու պետք է վճարենք. Նունե Մեհրաբյան

Աբսուրդ եմ համարում տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելը,  քանի որ պետական մակարդակի վրա չունենք ոչ մի ծրագիր, որ մասսայական կենդանիները բուժվեն վիրահատվեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը` անդրադառնալով Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը:

«Մենք այդ տուրքին պատրաստ չենք և ուզում եմ հասկանալ, թե ինչի համար վճարենք»,-ասաց նա:

Նշենք, որ, ըստ iravaban.net-ի՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի վերաբերյալ: Որոշման 12-րդ կետը սահմանում է, որ Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ:

Նունե Մեհրաբյանը խնդիրը համարեց ոչ թե տուրքի չափը, այլ որ չի պարզաբանվում, թե այդ գումարը ինչու պետք է վճարեն և դրա դիմաց ինչ են ստանալու: «Կա ծրագիր քաղաքապետարանի կողմից՝ բացել կացարան, և հենց իրենք էլ իրականացնեն այդ ստերջացումը, եթե դա իրականացվի, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, որ այդ գումարը կուղղվի այդտեղ և կնպաստի այս հարցի քաղաքակիրթ լուծմանը»,-ասաց նա:

Նունե Մեհրաբյանն օրինակ բերեց, որ փողոցից ինքը շուն է վերցրել, վիրահատել է, պատվաստել, ստերջացրել է և անհասկանալի է համարում, թե ինչու պետք է տուրք վճարի:  Ըստ նրա՝ երբ մարդ թափառական շուն է վերցնում, այդ տուրքը չպետք է վճարի, հակառակ պարագայում հնարավոր է՝ այլևս չվերցնեն, ինչը ոչ մեկին ձեռնտու չէ` ոչ հասարակությանը, ոչ էլ պատկան մարմիններին: Նա այլ հարց համարեց, երբ հատուկ բուծու,մ վաճառում են կենդանիներին, և նրանք կարող են վճարել:

Նա հայտնեց, որ մոտավորապես մեկ ամիս առաջ քաղաքապետի հետ հանդիպում են ունեցել, քննարկել առաջիկա ծրագրերը, և այդ հանդիպմանը խոսվել է կենդանիներին մասսայական ստերջացնելու մասին:  «Դեռ չկա որևէ սկիզբ, բայց հույս ունենք, որ հստակ բան կփոխվի»,-ասաց նա:

Ամեն դեպքում Նունե Մեհրաբյանը, համեմատելով նախկին ավագանու, քաղաքապետերի մոտեցումները ներկայիս քաղաքային իշխանության մոտեցումների հետ շների պաշտպանության հարցի խնդիրներում, ասաց, որ նախկինները ոչ քաղաքակիրթ էին մոտենում և վայրագ կերպով էին հարցին լուծում տալիս և անհամեմատելի են  ներկայիս դիրքորոշումների հետ:

tert.am