Նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննության դատական նիստը հետաձգվեց։ Այն կկայան հունվարի 17–ին։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասաց, որ ինքը չի ցանկանում խոսել, գործի մանրամասները կներկայացնի իր փաստաբանը։
«Իմ դիրքորոշումն անփոփոխ է, ես ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և բոլորը համարում եմ անհիմն։ Ես գտնվում եմ մի կարգավիճակում, որ ցավոք, հիմա նման հարցերի չեմ կարող պատասխանել։ Շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,–ասաց Գևորգյանը և լրագրողներին ամենայն բարիք ու լավ տրամադրություն մաղթեց։
Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։
Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:
2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: