Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց որպես Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում արդեն դատարանի որոշմամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց որպես Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի  պաշտպան: Պավել Մանուկյանը և Արմեն  Բիլյանը նման միջնորդություն էին ներկայացրել դեկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում:

Այս նիստին դատավոր Մեսրոպ Մակեյանն ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ արդյոք պնդո՞ւմ են, որ Զարուհի Փոստանջյանը ներգրավվի որպես պաշտպան, ինչին ի պատասխան հնչեց դրական  պատասխան:

Դատավորը տեղեկացրեց, որ դատարանին ներկայացվել է  Փաստաբանների պալատի կողմից Զարուհի Փոստանջյանին տրված փաստաբանի արտոնագիրը:

Դատական նիստին մասնակցում էին դատախազներ Պետրոս Պետրոսյանը, Արամ Արամյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են սպանության մեջ: Խմբից 7-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է. պատգամավորների անձնական երաշխավորությամբ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Խմբի վրա համաներում էր տարածվել՝ բացառությամբ սպանության մեջ մեղադրվողների, և համաներումը կկիրառվի, եթե գործով տուժողները և պատանդները չառարկեն:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ թե´ Պավել Մանուկյանի, թե´ Արմեն Բիլյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ:

Նա, անդրադառնալով Արմեն Բիլյանին վերագրվող սպանության մեղադրանքին, ասաց, որ մեղադրանքն անհիմն է, ինչը պարզ է դարձել նաև վկաների հարցաքննությունների ընթացքում:

Աղբյուրը՝ tert.am