Չորս օր առաջ Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական Integrity Initiative նախագծի արխիվից։ Հայաստանին վերաբերող հատվածում կար տեղեկություն մի շարք հայ գիտնականների ու փորձագետների մասին, որոնցից ութը պիտակավորվել էր որպես «ռուսական պրոպագանդիստներ»։
Այդտեղ առկա էր նաև իմ անունը։
Սույն անստորագիր նյութը խնդրահարույց և դատապարտելի է առնվազն երեք առումով. առաջինը՝ մարդկանց պիտակավորման, երկրորդը՝ փաստերի ու դատողությունների ակնհայտ աղավաղման, երրորդը՝ փաստական հենքի բացակայության պայմաններում սխալ եզրահանգման։
Սույն «վերլուծության» հեղինակ(ներ)ը, գլխիվայր շուռ տալով տասնամյակների ընթացքում իմ հնչեցրած մտքերը, վերլուծությունները և գիտական հոդվածներում արված եզրահանգումները, իմ հասցեին թույլ են տվել պիտակավորումներ և վերջում էլ պնդել, որ ես գործել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հովանու ներքո։
Սույնով հայտնում եմ, որ ինձ վերաբերող հատվածում իմ կենսագրականից հետո գրվածը բացահայտ հերյուրանք է, գիտնականի և դասախոսի իմ համբավը պախարակելու անհաջող փորձ։
Ինձ վերագրվող դատողություններն ու մտքերը ամբողջությամբ սուտ են և խեղաթյուրված։
Իսկ Վիգեն Սարգսյանին անձամբ ծանոթ չեմ, և երբևէ, որևէ առիթով չեմ շփվել։ Իմ գործընկերներին և ինձ պիտակավորող(ներ)ը հավանաբար կարծել են, որ, ստանալով պատվեր, կարող են աղավաղել փաստերը, թիրախավորել մարդկանց, ցուցակներ կազմել և հանգիստ խղճով շարունակել ապրել մեր կողքին։
Երեք-չորս տարի առաջ ինչ-որ պատվիրատուի կարիքները բավարարելու համար գրված սույն փնթի ու վատ անգլերենով շարադրված նյութը չի դիմանում ոչ մի քննադատության։ Մասնագիտական գործունեությունս և միջազգային հեղինակավոր հրատարակչատներում և գիտական պարբերականներում իմ հրապարակումների ցանկը այս պիտակավորման լավագույն հերքումն է։
Գրոշների դիմաց մարդկանց մի պիտակավորեք։
Վահրամ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր