Հայաստանում բենզինն էժանանում է, թեև ՌԴ-ում այն թանկանում է. պատճառները կպարզի ՏՄՊՊՀ-ն

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի սկզբից բենզինը մեկ լիտրի դիմաց էժանացել է 10%–ով, կամ մոտավորապես 50 դրամ։

Բենզինը Հայաստանում արդեն մեկ ամիս է, ինչ էժանանում է։

Մինչև 2018 թվականի դեկտեմբեր բենզինի «ռեգուլյար» տեսակի մեկ լիտրի մանրածախ գինը 450 դրամ էր։ Սակայն դեկտեմբերի 7-ից գներն իջան, և հիմա «ռեգուլյարը» բենզալցակայաններում լիցքավորում են արդեն 400 դրամով։ Այս մասին վկայում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

Նշենք, որ Հայաստանը բենզինի հիմնական մասը ստանում է Ռուսաստանից, իսկ այնտեղ մանրածախ գները չեն իջել։ Հակառակը, 2018 թվականի կեսերին բենզինի գինն աճել է մոտավորապես 10%–ով։ Ճիշտ է, դրանից հետո ՌԴ կառավարությունը նավթավերամշակման ընկերությունների հետ պայմանավորվել է մինչև 2019 թվականի մարտի վերջ բենզինի գները սառեցնելու մասին, սակայն դրան գումարած 2019 թվականից Ռուսաստանում աճել է բենզինի ակցիզային հարկն ու ԱԱՀ–ն։ Միասին դրանք բենզինի գնի մեջ ավելի քան 30% են կազմում, սակայն արտահանման ժամանակ այդ հարկերը վերադարձվում են։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրակրկիտ կուսումնասիրի իրավիճակը, հասկանալու համար, թե արդյո՞ք օբյեկտիվ է Հայաստանում գների իջեցումը և արդյոք այստեղ դեմփինգ (շուկայից փոքր մրցակիցներին դուրս մղելու փորձ) չկա՞։

Պետական հանձնաժողովի դիտարկումներով, Հայաստանում բենզինի շուկայում մրցակցությունը սահմանափակ էր, քանի որ շուկայի մոտ 90%–ը երկու խոշոր ներկրող («Ֆլեշ» և CPS) էր վերահսկում։ Իսկ 2018 թվականին շուկայում հայտնվել է նոր, հաշվով հինգերորդ ներկրողը։ Արդյունքում շուկայում երկու գերիշխող դիրք զբաղեցնողների մասնաբաժինը նվազել է, թեև ոչ զգալի. 92 մինչև 89%։

Աղբյուրը՝ armeniasputnik.am