Ռուսաստանում թոշակի գնացող հայերի թիվը սարսափելի չափերի է հասել

Հայաստանի ազգային արխիվը շարունակում է համալրվել պետական մարմինների փաստաթղթերով:

«Արխիվ են հանձնվել ՀՀ նախագահի աշխատակազմի ու Կառավարության մինչև 2018թ.ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածի բոլոր փաստաթղթերը, մնացածը տարբեր նախարարությունների, կազմակերպությունների փաստաթղթեր են: Իսկ Մոսկվայից բերել ենք 1918-23թթ. Արցախի պատմության վերաբերյալ փաստաթղթերի պատճեններ, որոնցում ներկայացված է ամբողջ 5 տարվա պատմությունը, ու այն, թե խորհրդային տարիներին ինչպե՞ս ի վնաս հայերի լուծվեց  Արցախի հարցը:  Բոլոր մանրամասները կան փաստաթղթերում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում բնակվող հայերին, ովքեր թոշակի համար դիմում են Ազգային արխիվ ու ստանում անհրաժեշտ փաստաթղթեր, ապա, Ամատունի Վիրաբյանի փոխանցմամբ՝ նրանց թիվը 2018թ. սարսափելի չափերի է հասել:

«Մոտավորապես 30-35.000 հարցում ենք ՌԴ-ից ստացել. քանակը հսկայական է: Հիմնականում սկսել են թոշակի գնալ 90-ական թվականներին ՀՀ-ից հեռացած մարդիկ: Նրանք առանց արխիվային տեղեկանքի թոշակի չեն կարող գնալ: Հայաստանի քաղաքացիներից  2 անգամ ավելի է: ՀՀ քաղաքացիներին մոտ 18.000 տեղեկանք ենք տրամադրել: Այսինքն, Ռուսաստանում մեր  հայրենակիցներն ավելի շատ են թոշակի գնում, քան Հայաստանում, սա, ցավոք, իրողություն է»:

Եվ քանի որ հեղափոխությունից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային արխիվի  հարցով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և իր քայլը հիմնավորել էր նրանով, որ  բողոքներ է ստացել Ազգային արխիվում չարաշահումների վերաբերյալ ու այն մասին, որ տնօրենը ոմանց չի թույլատրում օգտվել արխիվներից, Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե որևէ նորություն կա՞ գործի հետ կապված:

Ի պատասխան՝ նա ասաց. «Մի ամսից ամեն ինչ պարզ կդառնա, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»:

Աղբյուրը՝ 168.am