Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնն իսկական կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում: Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, ով հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանն է, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը:
Ստացվում է, որ պետք է որոշում կայացվի՝ ընտրել հարցի մշակութային-մասնագիտական բովանդակությո՞ւնը, թե՞ կրկին նախապատվություն տալ «քայլած լինելու» արվեստին:
ՄՀՀ-ի աշխատակազմում խիստ մտահոգ են. տարեվերջին ստորագրահավաքով Կառավարություն դիմելուց հետո են հասկացել, որ անզոր են Արարատ Միրզոյանի դեմ, քանի որ որոշում ընդունող անձինք հակված չեն նեղացնել առաջին փոխվարչապետին:
Ասում են՝ մեր ներսում առանձնապես սպասողական տրամադրություններ չկան, վստահ ենք՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Արարատ Միրզոյանի հովանավորյալը:
Նրանց խոսքով՝ դեռ անցած տարի, երբ Վազգեն Ասատրյանին այդ պաշտոնից հեռացրին, շրջանառվեցին տարբեր անուններ, հետաքրքիր, զարգացած երիտասարդներ կային, որ ուզում էին գալ, համալիրում լուրջ ծրագրեր անել, բայց այսօր այդ հավակնորդները չկան, որովհետև հասկացել են՝ անիմաստ է, թեմայի մեջ ներգրավված է Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե ո՞վ է Սամվել Մելիքսեթյանը, ի՞նչ առնչություն ունի ոլորտի հետ, աղբյուրը այսպես պատասխանեց.
«Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»:
Հիշեցնենք, ՄՀՀ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարված հունվարի 25-ը, մրցույթը կանցկացվի փետրվարի 1-ին: Հանձնաժողովի անդամների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին, իսկ հավակնորդ թեկնածուներից շրջանառվողը միայն Եղիշե Պետրոսյանն ու Սամվել Մելիքսեթյանն են:
Աղբյուրը՝ 168.am