Ամանորն անհնար է պատկերացնել առանց զվարճալի դեպքերի, որոնք երբեմն աբսուրդի են հասնում։ Այս առումով փրկարարների աշխատանքը բացառություն չէ։
Ինչպես և ցանկացած տոն, Ամանորն անհնար է պատկերացնել առանց զվարճալի միջադեպերի, որոնք երբեմն աբսուրդի են հասնում։ Աշխատանքի բերումով արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստիպված են բոլորից շատ հանդուրժել այդ դեպքերի հետևանքները։ Այս Նոր տարին այդ առումով բացառություն չէր։
Թեև անցնող տոները ծիծաղելի դեպքերով շատ հարուստ չէին, սակայն այն, ինչ այս տարի է տեղի ունեցել, ծիծաղ կառաջացնի նույնիսկ ամենապատրաստված ընթերցողի մոտ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այս օրերին տեղի ունեցած երկու դեպք է պատմել։
Առաջինը «խոհարարական» բնույթ է կրում։ Միջին տարիքի տղամարդը զանգահարել է 911 ու տոլմա փաթաթելու ձևեր է հարցրել։
«Նա հարցնում էր՝ ինչպես փաթաթել տոլման, որ այն հետո չքանդվի։ Բնականաբար ասացինք, որ դժվար թե կարողանանք օգնել իրեն խոհարարական արվեստը յուրացնելու հարցում, քանի որ փոքր-ինչ այլ գործառույթ ունենք», – ասաց Խանգելդյանը՝ զսպելով ծիծաղը։
Նա չի բացառում, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Այնուամենայնիվ, անհաջողակ խոհարարի զանգն ուրախացրել էր նույնիսկ շատ բան տեսած փրկարարներին։
Եվս մեկ սյուժե կապված է Ձմեռ պապիի հետ։ 911 ծառայություն էր զանգահարել տարեց մի տղամարդ ու վրդովված պահանջում էր Ձմեռ պապի ուղարկել իր տուն։ «Ինչու՞ է բոլորի մոտ գնում, բոլորին նվերներ տալիս, իսկ ինձ ուշադրություն չի դարձնում», – ասել է տղամարդը ԱԻՆ-ի հերթապահ օպերատորին։ Այստեղ ստիպված էին տխրեցնել պապիկին և ասել, որ Ձմեռ պապը մի գաղափար է, որը հորինված է բացառապես երեխաների համար՝ նրանց ուրախություն պատճառելու նպատակով։
«Փորձեցինք մեր զրուցակցին հոգեբանական աջակցություն ցուցաբերել, բացատրել Ձմեռ պապի գոյության էությունն ու իմաստը։ Հուսով ենք՝ նա շատ չտխրեց», – պատմեց Խանգելդյանը։
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները նախկինում էլ են ծիծաղելի զանգեր ստացել։ Դրանք տարբեր բնույթի են եղել։ Խանգելդյանը հիշում է, որ Ամանորի գիշերը մի մարդ էր զանգել ու խնդրում էր ազատել իրեն իր հյուրերից։
Նախկինում բազում դեպքեր են եղել, երբ փրկարարները դեպքի վայր են մեկնել անհեթեթ պատճառներով կամ կեղծ կանչերով։ Բարեբախտաբար, այս անգամ նման դեպքեր չեղան։ Ու մի երկու անիմաստ զանգերը ոչ միայն առանձնապես չխանգարեցին ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին, այլև բարձրացրեցին նրանց տրամադրությունը։ Այնուամենայնիվ, տոներին ժամանակ փրկարարները պատրաստ են ամենաանսպասելի զարգացումներին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am