«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
– Պարոն Մեհրաբյան, նախօրեին տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Այս հանդիպումից ժամեր անց Պուտինը շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի կապակցությամբ, նրան տոկոնություն և առողջություն ցանկանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը, որին հաջորդեց այս շնորհավորանքը։ Այստեղ կոնկրետ ուղերձ տեսնո՞ւմ եք։
– Ես հանդիպման արդյունքների վերաբերյալ, բացի Նիկոլ Փաշինյանի տասնմեկրոպեանոց լայվից, որը ուշադրությամբ նայեցի, այլ տեղեկատվություն չունեմ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, երբ շնորհավորում է Պուտինը կալանավորված Ռոբերտ Քոչարյանի Նոր տարին, ռուսական լրատվամիջոցները և Հայաստանում քոչարյանամերձ և քոչարյանամեծար լրատվամիջոցներն են դրա մասին գրում: Կարծում եմ՝ սա միանշանակ Ռոբերտ Քոչարյանին սատարման ուղերձ է, ընդ որում՝ սա փորձ է խոչընդոտելու Հայաստանում արդարադատության իրականացմանը։ Այսինքն՝ սա այն է, ինչով Ռուսաստանը առաջնորդվել է՝ կայսերական ռեֆլեքսով, և դա շարունակվում է մինչ օրս։ Այո, սա է մեր իրականությունը։
– Երկու կարևոր հարցերի հետ կապված հստակություն այդպես էլ չեղավ։ Մասնավորապես, չեն հասցրել քննարկել գազի սակագնի հարցը։ ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակը նույնպես պահպանվում է։
– Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լավն այն է, երբ վատ չի լինում։ Իսկ լավ բան հանկարծ չսպասեք, դա ինքնախաբեություն կլինի, ընդ որում՝ շատ վտանգավոր ինքնախաբեություն։
– Այսինքն՝ հանդիպում առանց արդյունքների՞։
– Այսպես ասենք՝ հանդիպում առանց վատ արդյունքների, գոնե այս պահին։
– Գազային հարցով համաձայնություն ձեռք չի բերվել, և կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ վերջնական որոշում չկա այս կարևորագույն հարցի հետ կապված։ Այստեղ ռուսական կողմից միտում տեսնո՞ւմ եք հարցը ձգձգելու։
– Գազի հարցը Ռուսաստանի համար ինտիմ քաղաքական հարց է։ Եվ գազի գնի հարցը ուղղակի կարող է խորը հոգեբանական ցնցումների հասցնել մեր ռազմավարական դաշնակցին։ Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ չնայած դե յուրե Պուտինը Ռուսաստանի գազի մարդը չէ, բայց դե ֆակտո գազի մարդն է, և այստեղ կարևորն այն է, որ, համենայնդեպս, գինը բարձրացնելու քաղաքական որոշման մասին մենք չլսեցինք, իսկ դա արդեն լավ է։
– Պարոն Մեհրաբյան, տեսակետ կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված ոչ հայանպաստ հանգուցալուծմանը Հայաստանի իշխանությունը հաշտվել է։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։
– Ես կարծում եմ, որ ընդամենը պայմանավորվեցին հետագայում հանդիպելու և պայմանավորվելու։ Այսպես ասենք՝ մթնոլորտ ձևավորող հանդիպում էր։ Կրկնում եմ՝ եկեք մեր սպասումները չափավորենք. եթե վատ չի, ուրեմն լավ է։
– Առաջիկայում ի՞նչ հունով կզարգանան այս հարաբերությունները։
– Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները միշտ ուղեկցվելու են խանդի տեսարաններով, ցնցումներով, չեղած բանից, մատից ծծած պրոբլեմները թափահարելով և այլն։ Եվ այս ամենը մեզ համար պետք է սովորական դառնա, որ հեշտ լինի մեզ համար։
– Պարոն Մեհրաբյան, ինչի՞ մասին են խոսում Փաշինյան-Պուտին այսքան ինտենսիվ հանդիպումները Կրեմլում՝ յոթ ամսվա մեջ վեց հանդիպում։
– Սա խոսում է այն մասին, որ վեց հանդիպման նյութ և առարկա կար, և դեռ նյութը և առարկան չի վերջացել, այսինքն՝ դեռ յոթերորդ հանդիպումն էլ կլինի, ութերորդն էլ։ Ռուսաստանը տառապում է կայսերական քորով, և այս այցերը նախատեսված են, որպեսզի քորեն Ռուսաստանի քոր եկող տեղերը, նույնիսկ եթե դա արդյունք չի ունենալու։ Ուրիշ ոչ մի բան չկա։
Ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են իրողություններից բխող հանգամանքներով և չեն կարող արտաքին քաղաքականության մեջ 20 տարվա իներցիան յոթ ամսվա մեջ հաղթահարել առանց ավելորդ ռիսկեր ստեղծելու։
Աղբյուրը՝ 1in.am