Եթե սկսեն հիասթափվել, կարող է իսկապես կրկին արտագաղթի դուռը բացվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

– Պարոն Մարկոսյան, այս տարի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 156 երկրների շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Ուսումնասիրվել է նաև բնակչության երջանկության վրա արտագաղթի ազդեցությունը, ըստ որի՝ գաղթականների երջանկության մակարդակը համապատասխանում է նրանց ընդունող երկրների բնակիչների գրանցած արդյունքներին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն է ունենում արտագաղթը մարդկանց երջանկության վրա։

– Եթե սկսենք արտագաղթ երևույթից, ապա պետք է նշել, որ արտագաղթողն այնքան էլ երջանիկ չէ, որ հեռանում է երկրից։ Չեմ կարծում՝ այն հայը, որը որոշում է կայացնում հեռանալ հայրենիքից, շատ երջանիկ է։ Ո՛չ. բոլորն էլ կա՛մ ստիպված են մեկնում, կա՛մ ծնողներն են կանչում, կա՛մ ընտանիքն է այնտեղ։ Չեմ կարծում, որ մարդը երջանիկ է զգում իր երկրից հեռանալով, և գնալով այլ երկիր՝ սկզբնական շրջանում նույնիսկ տվյալ երկրի շատ բարձր երջանկության ցուցանիշը չի կարող ազդել ներգաղթյալի վրա, որովհետև նախ՝ ինքը պետք է ադապտացման փուլ անցնի, պետք է հարմարվի տեղի պայմաններին։ Այսինքն՝ ժամանակ է պահանջվելու, որպեսզի ինքը դառնա իրեն ընդունող երկրի մի մասնիկը։ Այնպես որ, արտագաղթողը չի կարող ունենալ երջանկության զգացում։ Առաջին հերթին ներգաղթյալը պետք է ինտեգրվի այդ հասարակությանը։ Նախ՝ պետք է լուծի լեզվի խնդիրը, հետո՝ աշխատանքի, և այնտեղ՝ ԵՄ երկրներում, գիտենք, որքան երկար ժամանակ է պահանջվում կեցության քարտ ստանալը, աշխատանքային հարաբերություններ հաստատելը։ Մարդուց պահանջվում է 5-6 տարի, եթե ինքը կարողանում է այդ ընթացքում գոնե նորմալ աշխատել։ Ցանկացած արտագաղթող չի կարող երջանիկ լինել։

– Չե՞ք կարծում, որ հեղափոխությունից հետո երջանկության մակարդակը երկրում փոփոխության ենթարկվեց։ Ասում են՝ հիմա ավելի շատ ժպտացող մարդ կա Հայաստանում, ավելի անհոգ են դարձել մարդիկ։ Որքանո՞վ է դա այդպես։

– Անհոգ չեն դարձել, բայց հույսն է ավելացել ապագայի հանդեպ, մի քիչ ավելի լավատեսական մոտեցումներ ունենք ապագայի հետ կապված։ Հիմա սպասման փուլ է, բոլորը սպասման մեջ են, որ պետք է լավ լինի, որ, այո՛, փոխվել է իշխանությունը, նաև իրավիճակային մեծ փոփոխություններ կան, որ չի լինելու կոռուպցիա, կաշառակերություն, ամենաթողության փուլը փաստացի պետք է անցնենք։ Եվ հիմա սպասման մեջ ենք, բայց այդ սպասումները չպետք է չարաշահեն, պետք է սպասումներին համապատասխան լուծումներ տրվեն։ Մարդիկ մի քիչ էլ կարող են սպասել, բայց եթե այդ սպասումները կրկին չարդարանան, կրկին մարդկանց մոտ հիասթափություն կլինի։ Մենք շուտ հիասթափվող ազգ ենք։ Եվ եթե սկսեն հիասթափվել, կարող է իսկապես կրկին արտագաղթի դուռը բացվել, ինչը այս պարագայում մեզ համար բացարձակ անցանկալի երևույթ է, մենք այլևս չունենք որևէ հնարավորություն, որ թողնենք մարդիկ գնան։ Մենք արդեն բոլոր փուլերն անցել ենք, հնարավոր բոլոր մարդիկ գրեթե գնացել են։ Եվ շատ ցավալի կլինի, որ կրկին այդպիսի իրավիճակ լինի երկրում։ Կարծում եմ՝ չի լինի։

– Ի՞նչ ռազմավարություն պետք է որդեգրի կառավարությունը այս խնդիրների լուծման համար։

– Այո՛, մենք դեռ չունենք կառավարություն, մենք դեռ չենք հասկանում՝ որն է երկրում  իրականացվող կարևորը, տնտեսական փոփոխությունները դեռ չենք տեսնում։ Այո՛, կոռուպցիա չկա, կաշառակերություն չկա, դա լավ է, բայց կոնկրետ տնտեսական փոփոխություններ մարդիկ դեռևս չեն զգում։ Չենք ասում՝ միանգամից դառնանք Շվեյցարիա, ԵՄ երկրների նման ավելի բարեկեցիկ ապրենք, դառնանք Ամերիկա և Ճապոնիա, բայց բոլորի համար պետք է հասկանալի լինի՝ ուր ենք մենք շարժվելու, ինչ ուղղությամբ ենք մենք գնալու։ Եվ կարևորագույն խնդիրներից մեկը ներդրումների հոսքն է երկիր։ Առանց ներդրումների մենք չենք կարող մեր տնտեսական դաշտում որևէ էական փոփոխություն արձանագրել։ Անհրաժեշտ են նաև ներքին ներդրումներ։

Ներքին ներդրողները բոլորը սպասման մեջ են։ Ե՛վ ներքին ներդրողը չի գնում ռիսկի, և՛ արտաքին ներդրողը ներդրում չի կատարում որևէ ոլորտում։ Այսինքն՝ բոլորը սպասում են, թե կոնկրետ կառավարությունը ինչ ծրագիր է ներկայացնելու, ինչ թիմ է աշխատելու

– Տնտեսական հարցերի լուծումը, մասնավորապես՝ ներդրումները կկանխե՞ն արտագաղթը։

– Տնտեսական խնդիրների լուծումը անմիջականորեն ազդելու է երջանկության գործակցի վրա, որովհետև եթե աշխատաշուկայում աշխատողների թիվը մեծանա, գործազրկությունը պակասի, մարդկանց եկամուտներն սկսեն աճել, սա, բնականաբար, միանգամից տրանսֆորմացվելու է հակառակ ուղղությամբ։ Չեմ կարծում, թե մարդիկ դրանից շատ երջանիկ լինեն, բայց բավարարված կլինեն։ Հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մարդն իրեն լավ զգա, որ ֆինանսապես իրեն ավելի ապահով զգա երկրում, ինքը կարողանա իր հոգսերը հոգալ՝ աշխատելով։ Սա ամենամեծ ցուցիչը կլինի, որ մենք ավելի երջանիկ դառնանք։ Հուսով եմ՝ երկու-երեք տարի հետո մենք կարող ենք առաջընթաց գրանցել։

– Մեր երկիրը 1 քայլով զիջում է հարևան Վրաստանին, որը 128-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 87-րդ տեղում է:

– Սա կասկածելի է, որովհետև Ադրբեջանում մարդիկ շատ այլ խնդիրներ ունեն՝ խոսքի ազատության բացակայություն, մարդկանց բռնում են, տանում են, օրենքը չի գործում։ Եվ եթե տնտեսական բարեկեցությունը մեր համեմատ ավելի լավ է, չեմ կարծում, թե նրանք մեզնից ավելի երջանիկ են։ Սա կասկածի տեղիք է տալիս։

Վրացիներն էլ մի քիչ ավելի առաջ պետք է լինեին, թեև նրանց մոտ էլ տնտեսական վիճակը լավ չէ, բայց նրանք ավելի թեթև ազգ են։ Այս ցուցակում, համենայնդեպս, որոշ սխալ բաներ կան։

Աղբյուրը՝ 1in.am