Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը 2019-ի վերջին կկազմի 7,5 միլիարդ դոլար: Կառավարությունը ծրագրում է 2019-ի համար վերցնել մոտ կես միլիարդ դոլարի պարտք: Այդպիսով, պետական պարտքը կկազմի ՀՆԱ 48 տոկոսը:
Ինչպես հայտնի է, տնտեսագիտական տեսանկյունից վտանգավոր է համարվում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոս շեմը: Հայաստանը փաստորեն դեռևս ունի 2 տոկոսի հնարավորություն, այսպես ասած, վտանգավոր սահմանագծին հասնելու համար: Սա մեծ է, թե փոքր՝ կախված է այն հանգամանքից, թե Հայաստանի տնտեսությունն ինչ ուղղությամբ է ընթանալու, ինչ բովանդակությամբ:
Այս տեսանկյունից պետական պարտքը անկասկած սարսափելի չէ, եթե նպաստում է տնտեսությանը բովանդակություն տալուն, ուղղություն տալուն և ոչ թե անհրաժեշտ է ընդամենը տնտեսությունն ու պետությունը գետնի վրա մի կերպ քարշ տալուն: Մի բան, որը գործնականում արվել է նախկին մի քանի տարիների ընթացքում:
Ըստ էության, նախորդ տասնամյակում Հայաստանն իր տնտեսական գոյությունն ապահովել է արտաքին պարտքի շեշտակի աճի շնորհիվ: Միայն նախորդ տարի, այսինքն՝ 2017 թվականին, այդ պարտքն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով: Միաժամանակ, պարտքը շեշտակի աճել է թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությունների գործունեության արդյունքում, սակայն այդ պարտքից գործնականում չի մնացել ոչ մի հետք՝ բացառությամբ Հայաստանը գետնով քարշ տալու հետագծից:
Մենք արտաքին պարտքով միայն գոյություն ենք ապահովել՝ չստեղծելով զարգացման ոչ մի էական նախադրյալ: Եվ դրա պերճանքի և թշվառության մի վկայությունն է նաև պարտքով իրականացվող ամենամեծ ծրագիրը՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, որը պետք է լիներ ըստ էության համակարգաստեղծ մեգանախագիծ, սակայն ծառայել է փաստորեն արդեն իսկ առկա քրեաօլիգարխիկ համակարգի մեգաշահերին, իսկ որպես նախագիծ պարզապես դոփել է տեղում, այն էլ՝ ամենահեշտ, ամենահարթ, ճանապարհային երթուղու առանց այդ էլ ամենալավ պահպանված տեղում՝ ավելի կարևոր և հրատապ տեղերից սկսելու փոխարեն:
Եվ այժմ, երբ կառավարությունը մտադիր է ավելացնել պարտքը, անհրաժեշտ է իրավիճակը չափել ոչ թե պարտքի ծավալով, այլ բովանդակությամբ, թե ինչին է այն ուղղվելու, որքանով է արդյունավետ ծախսվելու, ինչ է ստեղծվելու այդ պարտքով կամ թեկուզ եթե ոչ՝ պարտքով, ապա այլ որևէ միջոցով ի՞նչ ստեղծելու համար է պետական պարտք ավելանում և մեզ թույլ տալիս ժամանակ շահել՝ նոր բան ստեղծելու, տնտեսությանը նոր բովանդակություն հաղորդելո՞ւ համար:
Վերջին հաշվով, աշխարհում խոշորագույն բիզնեսները իրականացվում են վարկային միջոցներով, և սա ինքնին արտառոց բան չի պարունակում իր մեջ, և խնդիրը այն է, որ բիզնեսը լինի հաջողակ, արդյունավետ, կարողանա մարել վարկն ու ստանալ նաև եկամուտներ:
Իհարկե, ամենևին կողմնակից չենք պետության ու բիզնեսի կառավարման նույնականացմանը, սակայն տրամաբանությունը ըստ էության նույնն է, և բոլոր պետություններն էլ ունեն պարտքային բեռ. խնդիրն այն է, թե այդ պետություններն ինչպես են կառավարվում, ինչպիսի տնտեսություն ունեն և ինչպես են կառավարում նաև այդ բեռը:
Աղբյուրը՝ 1in.am