Դատարանն այսօր քննության կառնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը, որ ներկայացրել են նրա պաշտպանները: Ի դեպ, հետաքրքիր է, որ նախօրեին դատարանը գրավի դիմաց կալանքից ազատել էր Քոչարյանի մերձավոր գործարարներից մեկին՝ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Իսկ մի քանի օր առաջ էլ, ինչպես հայտնի է, նույն կերպ կալանքից ազատ արձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանը: Քոչարյանի պարագան հետաքրքիր է, իհարկե, այս ֆոնին, սակայն ավելի շատ թերևս նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման:
Հանդիպման օրակարգի մասով պաշտոնապես, բնականաբար, երբեք չի խոսվել Քոչարյանի հարցի մասին, սակայն, մյուս կողմից, փորձագետների մի զգալի մաս համոզված է, որ Պուտինն, օրինակ, նաև հենց Քոչարյանի կալանքի համար է, որ չշնորհավորեց Փաշինյանին, մինչև երեկ տեղի ունցած հանդիպումը, որի ընթացքում, ի դեպ, Պուտինը հաջողություն մաղթեց նրան հաղթանակից հետո, սակայն այդպես էլ չօգտագործեց շնորհավորել բառը: Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ Պուտինն իսկապես դժգոհ է իր ընկեր Քոչարյանի կալանավորումից:
Եվ այստեղ, իհարկե, թերևս խնդիրը ավելի շատ հենց ընկերական հարաբերությունն է, ոչ թե նախկին ղեկավարների հանդեպ, այսպես ասած, եվրասիական տաբուն, քանի որ Ղրղզստանն, օրինակ, խախտում է այդ տաբուն, նույնիսկ օրենսդրորեն սահմանելով անձեռնմխելիության բացառում, սակայն Ռուսաստանի արձագանքը ամենևին սուր չէր: Որովհետև այնտեղ չկա Պուտինի ընկեր, իսկ որ նա մարդկային կապերը շատ է թանկ գնահատում, Փաշինյանն ինքն էլ է խոստովանել:
Եվ ըստ այդմ՝ այսօր դատարանում տեղի ունենալիք քննարկումն ու որոշումը ցույց կտան, թե արդյո՞ք եղել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը խոսակցություն Քոչարյանի կալանքի մասին, և ինչ շեշտադրումներով ու արդյունքով է այն եղել: Միևնույն ժամանակ, իհարկե, այդ համատեքստում հետաքրքիր է նաև, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պարզել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով, որի ՌԴ քաղաքացի լինելու մասին հանրությունը տեղեկացավ օրերս, և որը անցնում է Մարտի 1-ի գործով: Եվ սա, իհարկե, բնականաբար ուղիղ շաղկապվում է երկրորդ նախագահի խնդրին:
Մյուս կողմից՝ համենայնդեպս հանդիպման բացման խոսքում, ՌԴ նախագահը որևէ կերպ չակնարկեց հնարավոր որևէ կնճռի մասին: Դա դիվանագիտական հնա՞րք էր, թե՞ ՌԴ նախագահը կարող է իսկապես համարել, որ այս փուլում ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերության մեջ ավելի ուժեղ կլինի, եթե չփորձի անգամ ընկերոջ համար միջամտել նոր Հայաստանի ներքին գործերին: Առավել ևս, ինչպես, իհարկե, մեկ այլ առիթով, սակայն բավական ուշագրավ նկատել էր նրա մամուլի քարտուղար Պեսկովը, ինչ արտասահմանցի գործչի և Պուտինի միջև ինչպիսի քիմիա էլ առաջանա, միևնույն է՝ Պուտինը թույլ չի տա դրա գերակայություն պտական շահի նկատմամբ:
Աղբյուրը՝ 1in.am