Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է։ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): ՀՔԾ քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու համար:
Մենք արդեն գրել էինք, որ Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքներն անմիջականորեն կապված են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ: Ժամանակ առաջ գրել էինք, որ Վահագն Հարությունյանը լուրջ շահագրգռվածություն ունի Ալավերդցի Վահագի գործով: Վահագն Հարությունյանը տևական ժամանակ գաղտնալսել է Ալավերդցի Վահագի հեռախոսազանգերը, որոնց ժամանակ իր հասցեին հայհոյանքներ է լսել, որի արդյունքում նրա նկատմամբ անձնական վրեժխնդրությամբ էր լցվել և որոշել էր իր դիրքն օգտագործել այդ վրեժը լուծելու համար:
Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքները կապված են Վահագն Աբգարյանի գործի հետ։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, Վահագն Աբգարյանի ձերբակալության օրը, երբ ինքն արդեն ստանձնել է Աբգարյանի պաշտպանությունը, վերջինս փաստաբանին պատմել է, որ իրեն ձերբակալելուց հետո տարել են Վահագն Հարությունյանի առանձնասենյակ, որտեղ ՔԿ պետի արդեն նախկին տեղակալը հայհոյանքներ է տվել Աբգարյանին, ասել է, որ նա ցմահ է նստելու, ինքը կորցնելու է Աբգարյանին։ «Այո, ինձ պատմեց, որ Վահագն Հարությունյանը այդ ժամանակ իրեն սպառնացել է՝ իր բառերով կորցնել Վահագին, ամեն ինչ անել, որ նա ցմահ նստի։ Բայց ես այդ ժամանակ այդ խոսակցություններին իրավական ընթացք չեմ տվել, քանի որ խոսակցությունը երկուսի մեջ է եղել, և ապացույց չի եղել։ Այս տրամաբանությամբ ես հաղորդում չեմ տվել»,- ասաց Ճարոյանը։
Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու է հիմա այդ հայտարարություններին ընթացք տրվել, փաստաբանը պատասխանեց՝ պարզվում է, որ Վահագն Հարությունյանը միայն Վահագն Աբգարյանին չի հայհոյել ու սպառնացել «ցմահ կորցնել», այլ Ալավերդցի Վահագի հետ նույն օրը ձերբակալված ևս երկու անձի՝ Գուրգեն Խաչատրյանին և գործով անցնող ևս մեկին։ Հենց Գուրգեն Խաչատրյանն է նամակով դիմել ՀՀ վարչապետին և ներկայացրել եղելությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ նամակը հասցեագրել է Հատուկ քննչական ծառայությանը։ ՀՔԾ-ն էլ իրականացրած քննության արդյունքում հարցաքննել է այդ անձանց, ու նրանց ցուցմունքների հիման վրա էլ Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը լրացվել է։
Հակոբ Ճարոյանն ասաց, որ ինքը ստանձնել է նաև վերը նշված երկու անձանց պաշտպանությունը և Հատուկ քննչական ծառայությանը տեղեկացրել է, որ նույնը տեղի է ունեցել նաև իր մեկ այլ պաշտպանյալ՝ Վահագն Աբգարյանի հետ։ Ալավերդցի Վահագը, սակայն, դեռևս ցուցմունք չի տվել։
Ճարոյանից հետաքրքրվեցինք՝ ինչ շահագրգռվածություն ուներ ՔԿ պետի նախկին տեղակալը Ալավերդցի Վահագի գործով և ինչու է նրան սպառնացել «ցմահ կորցնել», փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցին հստակ պատասխան տալ չի կարող, սակայն Վահագն Աբգարյանի ձերբակալությունից հետո մամուլում հրապարակումներ են եղել, որ Վահագն Հարությունյանը, ցանկանալով Աղվան Հովսեփյանի հեռանալուց հետո ստանձնել Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, փորձել է իբր աղմկոտ գործ բացահայտելով հայտնվել «վերևների» ուշադրության կենտրոնում և ցույց տալ, որ հենց ինքն է ՔԿ պետի ամենաարժանի թեկնածուն։ «Ես կարող եմ միայն պնդել, որ Վահագն Աբգարյանի գործը ամբողջությամբ շինծու է, իսկ թե մամուլի հրապարակումները որքանով են հիմնավոր, չեմ կարող ասել։ Ես նույնպես կարդացել եմ այդ հրապարակումները»,- ասաց Ճարոյանը։
Նշենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու:
ՀՔԾ քննիչը, սակայն, Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Աղբյուրը՝ 1in.am